«Վերադարձ Հայաստանը» կնպաստի հայրենադարձվող հայերի ինտեգրմանը

Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ հայրենիք վերադառնալ ցանկացող հայերի վերադարձը դյուրացնելու, նրանց մուտքը, ինտեգրումը Հայաստան հնարավորինս արագ կազմակերպելու նպատակով ձեռնամուխ են եղել «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia Foundation) հիմնադրամի ստեղծմանը:

Հիմնադրամի ստեղծման նպատակների ու աշխատանքի հիմնական ուղղությունները այսօր լրագրողներին ներկայացրեց «Վերադարձ Հայաստան»-ի գործադիր տնօրեն, ՀՀ սփյուռքի նախկին փոխնախարար Վարդան Մարաշլյանը:

Նրա խոսքով՝ հիմնադրամն իր նորաստեղծ կայքի՝ repatarmenia.org-ի միջոցով հետապնդում է երեք հիմնական նպատակ. առաջին՝ սփյուռքում ակտիվորեն ներկայացնել ու տարածել հայրենադարձության գաղափարը՝ ներկայացնելով տեղեկություններ ու օրինակներ արդեն Հայաստանում հաստատված հայրենադարձների մասին, երկրորդ՝ աջակցել հայ հասարակությանը այն մարդկանց ինտեգրմանը, որոնք որոշել են գալ հայրենիք, երրորդ՝ խթանել հայրենադարձությանը նպաստող պետական քաղաքականության և հասարակական միջավայրի ձևավորմանը:

«Փորձում ենք փաթեթային ձևով ներկայացնել այս ամբողջ տեղեկությունը, որը պետք է վերադառնալու միտք ունեցողներին»,- հավելեց նա:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, նախկին մոսկվաբնակ Ավետիք Չալաբյանն էլ իր հերթին հավելեց, որ ցավոք, սովորել ենք այն բանին, որ 20 տարում մեկուկես միլիոն հայ է արտագաղթել, սակայն հիմա կարիք ունենք վերադարձի, թեև ասել, որ վերադարձով կդադարի արտագաղթը, սխալ է ու անհնար, քանի որ արտագաղթել ցանկացող մարդը, միևնույն է, կարտագաղթի:

«Այսօրվա Հայաստանը տալիս է վերադարձի հնարավորություն: Սկսում են զարգանալ նոր ոլորտներ, բիզնեսի նոր ճյուղեր, որոնք բարձրորակ մասնագետների կարիք ունեն»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ օրինակ՝ 5000 որակյալ մասնագետի վերադարձը Հայաստան տնտեսության աճը կարագացնի 2,5 անգամ:

Նա ընդգծեց, որ սա PR ակցիա չէ ու ոչ էլ քաղաքական նախաձեռնություն:

Հոգաբարձուների խորհրդի անդամներից Րաֆֆի Կասարջյանն էլ իր հերթին նկատեց, որ դասական սփյուռքի (Թեհրան, Բաղդադ, Հալեպ, Երուսաղեմ) աստիճանական քայքայման հետևանքով անհրաժեշտություն է առաջացել կազմակերպել այդ մարդկանց վերադարձը Հայաստան:

Հիմնադրամը իր գործունեությունը չի կապում Սիրիայում վերջին իրադարձությունների հետ ու նպատակ ունի գործունեություն ծավալել առնվազն 20-30 տարի:

Տեսանյութեր

Լրահոս