
«Մեր հանրության շրջանում թայֆաբազությունը շատ է». Մրո

168.am-ն անդրադարձել էր «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծին և դրա շուրջ ընթացող համացանցյան տարաբնույթ քննարկումներին:
Հիշեցնենք, որ, ըստ ֆեյսբուքյան օգտատերերի՝ նախագիծը կողմնակալ էր, և այն փաստը, որ Պետրոս Պետրոսյանն է դարձել նախագծի հաղթող, շատերի մոտ զայրույթ էր առաջացրել:
«Ժողովրդական երգիչ» նախագծի կազմակերպիչների հանդեպ ունեցած անվստահության պատճառների մասին զրուցեցինք նախագծի ժյուրիի անդամ Արսեն Գրիգորյանի հետ.
«Բոլորն էլ լավագույնն են: Ես վստահեցնում եմ, բոլորն էլ իրենց ուրույն դերն ունեն երգարվեստում: Սա շոու-ծրագիր է, որն ունի իր կանոնները: Ես խնդրում եմ բոլորին ավելի գաղափարական մոտենալ այս հարցին»:
Անդրադառնալով նախագծի մասնակից Մավր Մկրտչյանի երկրպագուների բողոքներին, Արսեն Գրիգորյանը նշեց. «Կատարողների մեջ սեր կար, ինչո՞ւ ենք ուզում իրենց մեջ թշնամություն սերմանել: Մենք պետք է սեր սերմանենք: Դա չի նշանակում, որ մեկը հաղթեց, մյուսները` հեչ: Մավրի ձայնային տվյալները հզոր են, յուրահատուկ տվյալներ ունի, իսկ Պետրոսը էշխով է երգում: Ամեն մեկն իր ոճն ու ձևն ունի: Ամեն մեկն ինչ-որ երանգ ունի: Մեր հանրության շրջանում թայֆաբազությունը շատ է: Բնական է, ով ավելի շատ ծանոթ-բարեկամ ունի, նրա օգտին գրանցված հաղորդագրություններն ավելի շատ կլինեն»: