«Եթե պատգամավորը հանցանք է գործում, առաջին ամենամեծ մեղադրանքը պիտի ինքը կրի»

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 168.am-ի հարցին, թե՝ անձամբ Դուք  կո՞ղմ կքվեարկեք` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին` ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի Ազգային ժողով  ներկայացրած միջնորդագրին, պատասխանեց. «Ես նաև գրականության դասատու եմ եղել, եթե ասում էի՝ «Սամվել» վեպը կարդացե՞լ եք, պատմեք, չէին պատմում՝ 2 էին ստանում: Քիչ առաջ ասացի, որ ես չեմ կարդացել այն տեքստը, որ ուղարկվել է Դատախազության կողմից, առավել ևս` կարդալուց հետո հարցադրումներ են առաջանում, որը պիտի Դատախազության ներկայությունը տրվի, այսինքն՝ կողմ և դեմ քվեարկելն ինքնանպատակ չէ»:

Իսկ ինչ վերաբերում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից դեռևս հունիսին արված հայտարարությանը, թե ինքը կողմ քվեարկի, եթե Վ. Օսկանյանի մասին միջնորդագիր ներկայացվի ԱԺ, ապա Գ. Սահակյանն ասաց. «Վրեժխնդրություն է երևի, ի՞նչ ասեմ, յուրաքանչյուր մարդ իր դատողությունն ունի, մինչև չիմանաս` ի՞նչն ես կողմ-դեմ քվեարկում, ո՞նց պիտի քվեարկես»:

Իսկ լրագրողներից մեկի դիտարկմանն ի պատասխան, թե Վ. Օսկանյանը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ԱԺ ներկայացված միջնորդագիրը համարում է քաղաքական, Գ. Սահակյանն ասաց. «Դեռևս Դատախազությունից տեղեկանքը եկել է ԱԺ, բայց չենք ուսումնասիրել, կարծում եմ՝ կնայենք, կքննարկենք, և կարծիքը քվեարկությամբ կարձանագրենք»:

Նաև հավելեց. «Մեղադրանքը հանցագործության առումով՝ ի՞նչ քաղաքական գնահատականի խնդիր է: Իսկ ցանկությունների տեսակետից՝ ոչ մի հայ չի ուզում ոչ մի հայի վնաս պատճառի, առավելևս` վերջին շրջանում նկատելի հանցագործություններ են առաջացել, բայց մեր որոշումը չի կարող ինքնանպատակ լինել: Եթե պատգամավորը հանցանք է գործում` առաջին ամենամեծ մեղադրանքն ինքը պիտի կրի, ես դեռ չեմ կարդացել տեղեկանքը, և հետո՝ մեղավորն ու անմեղը որոշում է  դատարանը, առավել ևս՝ մեղավորության կամ անմեղության մասին ինքն՝ անձը, պիտի վկայի կամ չվկայի»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, թե իրենք կողմ են քվեարկելու ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին հայտնի քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավվելու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը, քանի որ կարծում են, որ պետք չէ խոչընդոտել նախաքննական մարմինների գործունեությունը: Բացի այդ, ըստ Գալուստ Սահակյանի` «այն մարդուն, ում մեղադում են, պետք է հնարավորություն տալ` ապացուցելու իր անմեղությունը:

«Մեզանում ստեղծվել է մի գաղափար, որ քաղաքականությամբ զբաղվելն աստվածային մի զորություն է, որը մարդուն ազատում է բոլոր մեղքերից»,- ասել էր Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:

Տեսանյութեր

Լրահոս