Թուրքիայի խորհրդարան է ներկայացվել ՏԻՄ վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու առաջարկ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ Նուրեթթին Ջանիքլին և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) խորհրդարանական խմբակցության փոխղեկավար Մեհմեդ Շանդըրն այսօր խորհրդարանի նախագահությանն են ներկայացրել 2014 թվականի մարտի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները 2013 թվականի հոկտեմբերի 27-ին (վաղաժամ) անցկացնելու առաջարկը, գրում է թուրքական Star թերթը:

Թուրքիայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Իրֆան Նեզիրօղլուն ընդունել է առաջարկը, որը ենթադրում է սահմանադրական փոփոխություններ՝ կապված ՏԻՄ վաղաժամ ընտրություններ անցկացնելու հետ: Նշվում է, որ առաջարկը նախ դիտարկվելու է խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովի, ապա նաև՝ Գերագույն խորհրդի կողմից (հոկտեմբերի 9-ին ու 12-ին):

Առաջարկի տակ իրենց ստորագրությունն են դրել ԱԶԿ-ական 256 և ԱՇԿ-ական 51 պատգամավորներ: Նրանք կարծում են, որ ձմեռային պայմաններում նպատակահարմար չէ նախընտրական կամպանիայի անցկացումը, ինչի համար էլ անհրաժեշտ է այդ ընտրությունները 2014 թվականի մարտից տեղափոխել 2013 թվականի աշուն:

Ակնկալվում է, որ առաջարկի ընդունման դեպքում Սահմանադրությունում կմտցվի 20-րդ ժամանակավոր հոդվածը, որն էլ հնարավորություն կտա ՏԻՄ վաղաժամ ընտրություններն անցկացնել 2013 թվականի հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ նպատակահարմար չէ մեկ տարում երկու ընտրություն անցկացնելը՝ նկատի ունենալով այն, որ 2014 թվականի օգոստոսին Թուրքիայում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ:

Տեսանյութեր

Լրահոս