Կանադայում ապամոնտաժել են Ալիևների կիսանդրիները

Կանադայում ապամոնտաժվել են Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի և այդ երկրի ներկայիս առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի կիսանդրիները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական «Ազադլըգ» թերթին հայտնել է կանադական կառավարության Հանրային պալատի անդամ Հասան Սավթարովը:

Այդ քայլը նախաձեռնել են Նիագարա օն զե Լեյք քաղաքի իշխանությունները, որոնք որոշել են, որ դրանք «դիկտատուրայի հուշարձաններ են»: Քաղաքի իշխանությունների այդ որոշմանը նպաստել է ադրբեջանական ընդդիմության կողմից դեռևս մարտից սկսված արշավը, որը համապատասխան դիմումներ է հղել քաղաքապետարան և քաղաքի պատասխանատու կազմակերպություններ:

Դիմումներից մեկում, մասնավորապես, ասվել է, թե «այսօր աշխարհը պայքար է հայտարարել դիկտատուրային, և Կանադայում` աշխարհի ամենադեմոկրատարական երկրներից մեկում, այնպիսի դիկտատորի կիսանդրու տեղադրումը, ինչպիսին Հեյդար Ալիևն է, լուրջ վնաս է հասցնում Կանադայի հեղինակությանը»:

«Ալիևը ոչնչով չի տարբերվում Սադամից, Մուբարաքից, Բին Ալիից, Քադաֆիից և Ասադից: Այդ պատճառով կանադական կառավարության Հանրային պալատի անդամների և Կանադայում բնակվող ադրբեջանցիների անունից խնդրում ենք ապամոնտաժել և ադրբեջանական իշխանություններին վերադարձնել Հեյդար Ալիևի և նրա հարսի` Մեհրիբան Ալիևայի կիսանդրիները», -նշվել էր դիմումում:

Ալիևների կիսանդրիները տեղադրվել էին անցյալ տարվա սեպտեմբերին:

 

 

Տեսանյութեր

Լրահոս