Իրանում լայնածավալ պաշտպանական զորավարժություններ կանցկացվեն
Իրանական «Բեյթուլ Մուղեդդեշ», «Աշուրա» և «Ալ Զահրա» գումարտակները պաշտպանական ուղղվածությամբ զանգվածային զորավարժություններ են անցկացնելու ողջ երկրով մեկ: Այս մասին ըստ իրանական Fars News լրատվական գործակալության՝ հայտարարել է «Բասիջ»-ի (աշխարհազորային ուժեր) փոխհրամանատար Նասրաթուլլահ Սեյֆը:
Ողջ երկրով մեկ զորավարժությունները կանցկացվեն այն ժամանակ, երբ ավարտվեն ներկայումս Իրանի մի շարք նահանգներում ընթացող զորավարժությունները: Սեյֆի խոսքերով՝ այդ զորավարժություններն անցկացվում են Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հրամանով՝ հարձակման ենթարկվելու դեպքում Իրանի պաշտպանական հնարավորությունների բարձրացման համար:
Սեյֆը հավելել է, որ իրանական գումարտակները հատուկ պատրաստվածություն են անցնելու գիշերային զորավարժություններ անցկացնելու համար՝ ընդգծելով, որ ցայժմ այդօրինակ զորավարժություններ են անցկացվել Իրանի Ֆարս, Լուրեստան, Չահար-Մահալ, Բախտիարիա և Արդեբիլ նահանգներում: