
Իսրայելը բողոքել է ՄԱԿ-ին՝ իր տարածքը սիրիական կողմից ռմբակոծվելու կապակցությամբ

Իսրայելի իշխանությունները բողոք են ներկայացրել ՄԱԿ-ին՝ Գոլանի բարձունքի (Իսրայելի տարածք) հյուսիսային հատվածում սիրիական մի քանի արկ պայթելու կապակցությամբ:
Իսրայելը պահանջում է հետաքննել տվյալ փաստը և հետագայում թույլ չտալ նման դեպքի կրկնություն:
Նախնական տվյալների համաձայն՝ Սիրիայի կանոնավոր բանակը սխալմամբ է արկերն արձակել Իսրայելի ուղղությամբ:
ՑԱԽԱԼ-ում նշում են, որ շուրջ երկու ամիս առաջ սիրիական զինված ուժերն արդեն «սխալմամբ» գնդակոծել էին Իսրայելի տարածքը: Առայժմ Իսրայելի պաշտպանության բանակը ոչ մի ակտիվ գործողություն չի ձեռնարկում՝ ի պատասխան սիրիական գնդակոծության, միայն ուժեղացվել է տվյալ շրջանում պետական սահմանի հսկողությունը: Այս մասին հայտնում է «Ռոսբալտ»-ը: