Իրաքի վարչապետը մերժել է Թուրքիա այցելելու Էրդողանի հրավերը

Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին չի ընդունել Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու անձնական հրավերը: Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:

Թուրքիայի վարչապետի հրավերը հայտնվել էր տեղի ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, քանի որ երկու պետությունների միջև հարաբերությունները վերջին շրջանում շատ լարված են: Անկարան արդեն բազմիցս անհանգստություն է հայտնել Բաղդադի իշխանությունների գործողություններից:

Այս տարվա գարնանը Էրդողանը հայտարարել էր, որ «Ալ-Մալիքիի վարքը բացասաբար է անդրադառնում Իրաքում դրության կարգավորման գործընթացի վրա»: «Այդ երկրում իրավիճակը ոչ մի լավ բան չի խոստանում: Հատկապես դա վերաբերում է վարչապետի վարքին՝ ինչպես կոալիցիայի գործընկեր երկրների, այնպես էլ Իրաքի ներսում գործընթացների նկատմամբ»,- ասել էր նա:

Թուրքիայի վարչապետի խոսքերով՝ «Ալ-Մալիքիի եսակենտրոն և գրեթե պարտադրողական մոտեցումները շատ են անհանգստացում և՛ շիաներին, և՛ Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանիին, և՛ սուննիական «Ալ-Իրաքիա» քաղաքական բլոկին:

Երկու երկրների միջև հարաբերությունների սրման պատճառ է դարձել նաև Իրաքի փոխնախագահ Թարեք Ալ-Հաշիմին: Վերջինս Բաղդադում հեռակա դատապարտվել է մահապատժի և այժմ գտնվում է Թուրքիայում:

Էրդողանի հրավերը, ինչպես նշում է գործակալությունը, անպատասխան է մնացել: Ինքը՝ Իրաքի վարչապետը, «Ալ-Իրաքիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ «Էրդողանին շնորհակալական նամակ է ուղարկել, բայց չի կարող պատասխանել նրա հրավերին՝ առաջիկայում ծրագրված այցերի պատճառով»:

Տեսանյութեր

Լրահոս