Քադաֆիին սպանողի մահը կարող է Լիբիայում նոր ընդհարումների պատճառ դառնալ

Լիբիայում նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի հակառակորդների և կողմնակիցների՝ համեմատաբար խաղաղ համագոյակցությունը վտանգի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ սպանվել է Քադաֆիին սպանող երիտասարդը, որին նոր կառավարությունը հերոս էր համարում: Հաղորդվում է, որ Օմրան Շաաբանը Բանի Վալիդ քաղաքում ստացած վերքերից մահացել է: Նշենք որ Բանի Վալիդը մինչ այժմ հավատարիմ է Քադաֆիին և վրեժ է լուծում նրա համար:

Քադաֆիի սպանությունից հետո նրա քիչ թվով համախոհները որոշել են հաշվեհարդար տեսնել նրան սպանողի հետ,- գրում է Breitbart-ը: Հուլիսին Օմրան Շաաբանի և նրա երեք ընկերների վրա հարձակում են գործել Բենի Վալիդ քաղաքից ոչ հեռու: Փոխհրաձգության հետևանքով Շաաբանը վիրավորվել է վզից և որովայնից: Զինաթափելով նրանց՝ Քադաֆիի կողմնակիցները նրանց իրենց հետ տարել են Բանի Վալիդ:

Պատանդներին իրենց հայրենի Միսրատա վերադարձնելու հարցում առևանգողների հետ բանացկում էր անձամբ պետության ղեկավար Յուսեֆ Ալ-Մաղրիֆը: Արդյունքում 4 պատանդներից 3-ին, այդ թվում Շաաբանին, հաջողվել էր ազատել:

Օմրանի ընտանիքի անդամները պատմել են, որ նա տուն է վերադարձել շատ հյուծված, և դատելով ամեն ինչից՝ նրան դաժանորեն ծեծել էին:

Օմրանին բուժման են ուղարկել Ֆրանսիա, որտեղ էլ նա մահացել է: Սեպտեմբերի 25-ին նրա մարմինն ինքնաթիռով տեղափոխել են Միսրատա։ Հանգուցյալի դիակը դիմավորել է շուրջ 10 հազար մարդ, որոնք մասնակցել են նրա հուղարկավորությանը:

Օմրանի մահվան լուրը տարածվել է ամբողջ երկրում. Իշխանությունները նրան նահատակ են համարել, իսկ Տրիպոլիի փողոցներ դուրս են եկել հարյուրավոր մարդիկ՝ պահաջելով վրեժ լուծել նրա մահվան համար:

Բանի Վալիդի զինյալներին ձերբակալելու և զինաթափելու անհրաժեշտությունը կառավարությունը վաղուց է գիտակցում, սակայն դա դժվար գործ է,- գրում է պարբերականը: Քաղաքացիական պատերազմից հետո 100 հազար բնակչություն ունեցող քաղաքում մնացել են նռնականետեր և հրետանի: Ընդ որում, հայտնի է, որ Բանի Վալիդի բնակիչները չեն կատարում ներկա իշխանությունների կարգադրությունները։ Օրինակ՝ ուսանողները հրաժարվում են երգել նոր հիմնը, իսկ ուսուցիչները չեն հետևում նոր ուսումնական ծրագրին:

Բանի Վալիդի և Միսրատայի միջև եղած հակամարտությունը կարող է նոր ուժով վերսկսվել: Եթե իշխանությունները չմիջամտեն դրությանը, ապա դա կարող է ծանր հետևանքներ ունենալ:

Տեսանյութեր

Լրահոս