ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը կհամագործակցի ԱԺ հանձնաժողովների հետ
Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին: Այս մասին 168.am-ին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Շնորհավորելով տիկին Հիլիարդին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար նշանակվելու կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանը կարեւորեց եւ արդյունավետ գնահատեց գործակալության գործունեւությունը Հայաստանում: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանում քսանամյա գործունեության ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը զարգացել են եւ զուտ մարդասիրական օժանդակությունից վերածվել երկարաժամկետ տնտեսական զարգացման, կայուն սոցիալական քաղաքականության եւ ժողովրդավարական բարեփոխումների խթանման ծրագրերի: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ – ՀՀ ԱԺ համագարծակցությունը եւ կարեւորել է դրա շարունակականությունը` նշելով, որ իր կողմից կանի հնարավորը ծրագրին աջակցելու ուղղությամբ:
Քարեն Հիլիարդը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանի հետ փոխգործակցությունը այսուհետ եւս կլինի արդյունավետ եւ նշել է, որ իր նպատակն է ոչ միայն պահպանել առկա համագործակցության մակարդակը, այլ էլ ավելի զարգացնել ու խորացնել այն: Նա նշեց, որ ԱԺ-ի հետ իրականացվելու է փոխգործակցության քառամյա ծրագիր, որն ուղղված է լինելու խորհրդարանի կարողությունների հզորացմանը, մասնավորապես` մշտական հանձնաժողովների:
Հանդիպմանը քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր եւս: