«10 սպանություններից մի քանիսը մի քանի օրում կարելի է բացահայտել»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր ներկայացրել է 2008թ. մարտի 1-ի սպանությունների բացահայտման գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությունը:

Գ. Ջհանգիրյանը վստահ է, որ : «Իշխանություններն ամեն ինչ արել են՝ թաքցնելու համար այդ սպանությունները: Նրանց գործողությունները միտված են հանրությանը համոզելու, որ այդ հանցագործութունները չեն բացահայտվում: Մինչդեռ ես էլ ասում եմ, որ հազարավոր մարդկանց աչքի առաջ կատարված սպանություները չեն կարող չբացահայտվել»,- ըստ tert.am-ի` ասել է նա` նշելով, որ, իհարկե, երբեմն լինում են չբացահայտված սպանություններ, երբ դա կատարվում է անմարդաբնակ վայրում, և նման պայմաններում անհնար է դառնում:

«Բայց չբացահայտել, ինչպես 10 սպանությունները, այնպես էլ մի քանի մարդու հասցված մարմնական վնասվածքների դեպքերը, անհնարին է»,- ասել է Ջհանգիրյանը` հավելելով, թե ըստ այդ ժամանակ տրվող տեղեկությունների՝ տուժված քաղաքացիների թիվն ավելի շատ էր, քան զինծառայողների:

«Լավ, քաղաքացիական անձանց մարմնական վնասվածքը չեն ուզում բացահայտեն, բա զինծառայողների՞նը ինչու չեն բացահայտում, դա էլ պատվի հարց պետք է լինի»,- ասել է  նա:

Ջանգիրյանի խոսքով՝ նախնական բանակցություններ ոչ մի խմբակցության հետ դեռ չի վարվել: Սակայն, քանի որ բոլոր խմբակցությունները կողմ են այդ սպանությունների բացահայտմանը, ինքն էլ կարծում է, որ նախագիծը կընդունվի:

«Իշխանությունը շահագրգիռ է բացահայտելու սպանությունները: Նախօրոք Կիկոսի մահը չենք սարքի, կմտցնենք օրակարգ, կտեսնենք` ինչ արձագանքներ են լինում, հետո նոր կասենք` ինչ ենք անելու»,- նշել է ՀԱԿ պատգամավորը:

Նրա խոսքով`  հանձնաժողովում կարող են ընդգրկվել մեկական պատգամավոր յուրաքանչյուր խմբակցությունից, սակայն, նրա խոսքով, դա սկզբունքային հարց չէ, և կարող են նաև երկու, կամ անկախ պատգամավոր ընդգրկվել:

Տեսանյութեր

Լրահոս