Զինվորական ավտոմեքենայի վթարի հետևանքով վիրավոր զինվորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Արագածոտնի մարզի Արուճ -Նոր Ամանոս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում սեպտեմբերի 24-ին ժամը 16.30-ի սահմաններում  ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Գազ 33081» մակնիշի ավտոմեքենայի շրջվելու հետեւանքով շարքային Հարություն Գրիգորի Կիրակոսյանը շարունակում է գտնվել ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին տեղեկացնում են ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իսկ շարքայիններ Վահե Հարությունի Խաչերյանի, Արգիշտի Արմենի Շահվելյանի, Գեղամ Արտակի Սահակյանի, Հայկ Անդրանիկի Պերտիզլյանի, սերժանտ Նարեկ Հայկի Ղեւոնդյանի, կրտսեր սերժանտ Նարեկ Սամվելի Հովակիմյանի եւ ավագ սերժանտ Արսեն Գագիկի Երիցյանի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Արուճ -Նոր Ամանոս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում սեպտեմբերի 24-ին ժամը 16.30-ի սահմաններում  ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Գազ 33081» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասին  եւ  շրջվել, ինչի հետեւանքով շարքային 19-ամյա Գոռ Գնելի Գալստյանը գիտակցության չգալով մահացել է, իսկ 9 զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Վթարի հետեւանքով ավտոմեքենայում գտնվող 10 զինծառայողներից  9-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Շարքային 19-ամյա Գոռ Գնելի Գալստյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 25-ին, ժամը 00.20-ին  գիտակցության չգալով մահացել է: Նա զորակոչվել էր Շահումյանի զինկոմիսարիատից: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի 2-րդ մասով ` «մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով 25.09.2012թ-ին հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է  նախաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս