Ադրբեջանում ձերբակալված երեք վրացահայերն էլ ազատ են արձակվել
Ադրբեջանում ձերբակալված Վրաստանի վեց քաղաքացիները, այդ թվում երեքը՝ հայազգի, արդեն իսկ ազատ են արձակվել եւ գտնվում են իրենց տանը: Այս մասին Panorama.am-ին հայտնել է Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը:
Նրա խոսքով, նշված վեց անձինք, որոնցից երեքը հայեր, երկուսը վրացի, մեկը՝ ադրբեջանցի, սեպտեմբերի 23-ին Ջանդարի լճում զբաղվել են ձկնորսությամբ, սակայն եղանակային պայմանների հետեւանքով հայտնվել են լճի ադրբեջանական հատվածում, որտեղ էլ ադրբեջանական համապատասխան ծառայությունների կողմից վերցվել են հսկողության տակ: «Երեկ երեկոյան նրանք արդեն ազատության մեջ են եղել եւ գտնվել են իրենց ընտանիքներում»,- ասել է դեսպանը:
Հովհաննես Մանուկյանի տեղեկացմամբ՝ միջադեպից անմիջապես հետո Վրաստանում ՀՀ դեսպանատունը կապ է հաստատել վրացական համապատասխան ծառայությունների հետ, որոնք իրենց հերթին աշխատանքներ են սկսել ադրբեջանական կողմի հետ՝ միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դեսպանը նաեւ նշել է, որ Ադրբեջանում հսկողության տակ գտնվելու ընթացքում բռնության կիրառման կամ բացասական վերաբերմունքի հետ կապված դժգոհություններ չեն եղել: Նշված անձանց նկատմամբ չկա նաեւ որսագողությամբ զբաղվելու մեղադրանք:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն, Ադրբեջանի սահմանային պետական ծառայության աշխատակիցները իբրեւ բռնել են Վրաստանի 6 սահմանախախտ քաղաքացիների: Նրանց մի մասը ազգությամբ հայ են: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին:
Նախնական տվյալներով` սահմանը խախտած Վրաստանի քաղաքացիների անուններն են` Հիհիթաշվիլի Զուրաբ Կոնստանտինովիչ (1962թ.), Գոգիլաձե Նոդար Սերգեեւիչ (1954թ.), Զաբիեւ Վալերի Քիքթարովիչ (1976թ.), Արզումով Էդուարդ Մարտինովիչ (1943թ.), Լեհանդյան Սերգեյ Սուրիյանովիչ (1948թ.) եւ Սարգսյան Միշա Հայկի (1948թ.):