Վճռական մենակը

Սեպտեմբերի 17-ի ՀՀ կառավարության հայտնի խորհրդակցությունը կարող է դառնալ տարվա «հիթը»: Հիմա կառավարության անդամներն արդեն ապրում են «սեպտեմբերի 17-ից առաջ և հետո» ռեժիմով: Թե ի՞նչ է դրանից փոխվելու կառավարության անդամների ու հասարակության կյանքում` դժվար է ասել: Ակնհայտ է, սակայն, որ փոփոխություն, առաջին հերթին, պետք է նախագահ Սերժ Սարգսյանին:

Կառավարության այդ խորհրդակցությունը` գրեթե բոլոր ասպեկտներով, բավականաչափ քննարկվեց քաղաքական շրջանակներում ու մամուլում: Ավելին` ցանկացած հրապարակում այդ թեմայով առաջին հայացքից կարող է ընկալվել՝ որպես նշված խորհրդակցությունը կազմակերպողների PR-ի շարունակություն: Խնդիրն այն է, սակայն, որ այդ խորհրդակցությունն առավելապես քննարկվեց ու գնահատվեց այն կանխավարկածով, որ դրա հիմնական նպատակը նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանի նախընտրական արշավի մեկնարկն էր, նրան «ուժեղ ու բարկացած ղեկավարի կերպարով» ներկայացնելը, ներքաղաքական զարգացումներում նրա կատարած հերթական «ձիով քայլը», և այլն, և այլն:

Մի խոսքով, այդ խորհրդակցությունը հիմնականում ներկայացվեց որպես Սերժ Սարգսյանի կողմից որոշակի «ուժի ցուցադրություն»` ստվերելով այդ խորհրդակցության իրական դրդապատճառների վերաբերյալ այլ հնարավոր վարկածները:

Քիչ խոսվեց կամ գրեթե չխոսվեց այն մասին, որ իրականում այդ խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի զայրույթն ու ցասումը գուցե իրական, ոչ քարոզչական դրդապատճառներ ուներ և վկայում էր ոչ թե գործող նախագահի ուժեղ դիրքերի, այլ հակառակը` թույլ դիրքերի մասին: Խոսքը, բնականաբար, այն մասին չէ, որ 4 տարի հետո հանկարծ Սերժ Սարգսյանը հայտնաբերել է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը վատ է աշխատում, որ տնտեսությունն ու հասարակությունը դրա արդյունքում հայտնվել է խայտառակ վիճակում, որ արտագաղթը սարսափելի ծավալների է հասել, և այլն: Կառավարության գործունեությունն, իհարկե, հենց այդպիսի արդյունքներ էլ արձանագրել է:

Այդ դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ Սերժ Սարգսյանն իր «մտահոգությունները» չէր արտահայտում, ասենք, 1-2 տարի առաջ, երբ կառավարության աշխատանքի որակն առանձնապես չէր տարբերվում այսօրվանից: Պատասխանը շատ պարզ է. ընդամենը 5 ամիս հետո կայանալու են նախագահական ընտրություններ: Սերժ Սարգսյանի նախագահական ընտրարշավով զբաղվողները, ամենայն հավանականությամբ, ինչ-որ հետազոտություններ են անցկացրել և պարզել են, որ  վիճակն իսկապես խայտառակ է, որ այս պայմաններում գործող նախագահը ընտրություններում կարող է բավական դժվարություններ ունենալ անգամ լուրջ մրցակցի բացակայության պայմաններում:

Այսինքն` գործնականում ստեղծվել է մի իրավիճակ, որում առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի մասնակցության մասին մտածում ու մտահոգվում է միայն  ինքը` Սերժ Սարգսյանը: Այն դեպքում, երբ կառավարությունն իր արխաիկ գործելաոճով ամեն օր ավելի է վատացնում առանց այդ էլ վատթար վիճակը: Թերևս, չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ Սերժ Սարգսյանից բացի, իշխանական համակարգի մնացած անդամները ոչ միայն չեն մտահոգվում նրա վերընտրությամբ, այլ կարծես ամեն ինչ անում են նրա դեմ:

Խոսքը տվյալ դեպքում ոչ թե՝ դավադրությունների, կանխամտածված գործողությունների, այլ ամեն ինչի վրա «թքած ունենալու» գործելակերպի մասին է, որով ապրում է Հայաստանի իշխանական վերնախավը: Իշխանական համակարգի գրեթե բոլոր ներկայացուցիչներին հետաքրքրում են միայն «ներքին մուտիլովկաներից» սեփական անձի պաշտպանությունը, սեփական բիզնեսները, որոնց բարգավաճմանն էլ ծառայում են նրանց պաշտոնները:

 

 

 

 

 

 

 

 

 

Ի դեպ, առավելապես տղամարդկանցից բաղկացած նույն իշխանական համակարգում վերջին տարիներին խիստ կանացիական բամբասկոտությունը դարձել է սովորական նորմ. գրեթե բոլոր պաշտոնյաները իրենց աշխատասենյակներում առավոտից երեկո տարբեր հանդիպումների ժամանակ դժգոհում են ստեղծված իրավիճակից, իրենց ոլորտներում ինչ-որ բան փոխելու անկարողությունից` մատնացույց անելով պատին կախված` Սերժ Սարգսյանի մեծադիր լուսանկարը: Շատերի մոտ արդեն զարգացել է ժեստիկուլյացիայի այն ձևը, որով առանց ձայն հանելու, աչքերի ու դիմագծերի, ու հատկապես բթամատի  համապատասխան շարժումով նայում են լուսանկարին: Այս «թատրոնի» իմաստը հետևյալն է` իրենք ցանկանում են «երկրի համար» ամեն ինչ անել, բայց «շեֆը չի թողնում»:

Այնպես որ` Սերժ Սարգսյանի զայրույթը կարող էր ոչ միայն քարոզչական չլինել, այլև՝ խիստ իրական:

Փաստացի, ընտրությունների նախաշեմին նա մենակ է մնացել՝ իր իսկ իշխանական համակարգի անգործունակության պայմաններում: Այդ իմաստով, սեպտեմբերի 17-ի կառավարության խորհրդակցությունն իրականում ավելի շատ նախընտրական շտաբի նիստ էր հիշեցնում: Իհարկե, կարող է հարց առաջանալ` այդ դեպքում ինչո՞ւ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ չի անում կառավարությանը և նոր, ավելի վստահելի ու գործունակ պաշտոնյաների չի նշանակում: Թերևս, ոչ միայն այն պատճառով, որ ընտրությունների նախաշեմին ընդունված չէ փոխել սեփական թիմը: Իսկ ովքե՞ր են լինելու ավելի լավ աշխատող վարչապետն ու կառավարության անդամները: Ունենալով անսահմանափակ իշխանական ռեսուրսներ, Սերժ Սարգսյանը կադրերի առանձնապես մեծ ընտրություն չունի, քանի որ իշխանական համակարգը տարիներ շարունակ ապրել ու ապրում է նույն հավաքական մտածողությամբ, արժեքային համակարգով, որը կրում են կառավարության ներկայիս անդամները:

Արդյունքում` ընտրություններից մի քանի ամիս առաջ Սերժ Սարգսյանը հայտնվել է «վճռական մենակի» կարգավիճակում, որի թիմի անդամների համար նրա վերընտրությունը պետք է միայն «ատկատները» շարունակելու համար:

 

 

Տեսանյութեր

Լրահոս