Պատգամավորը թոռանը զրկել է հորից
ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկի) և Բամբակաշատի գյուղապետի նախկին թեկնածու Գոռ Մելիքյանի հակամարտությունը, որը սեպտեմբերի 9-ին վերաճել է Մելիքյանների գերդաստանի հանդեպ խոշոր բռնության, հին պատմություն ունի։ «Ա1+»-ի փոխանցմամբ` ըստ բամբակաշատցիների, Ալիկ Պետրոսյանի դուստրը՝ Ռոզան, տարիներ առաջ ամուսնացել է Գոռ Մելիքյանի եղբոր՝ Արթուրի հետ։
Ընտանիքն ապրել է գյուղում և ունեցել մեկ դուստր՝ Մանեին: Երբ Ալիկ Պետրոսյանն իրեն պատկանող կոնյակի գործարանի շնորհիվ 7 տարի առաջ հարստանում է, դստեր՝ հարազատ գյուղում հարս լինելն այլևս օլիգարխի կարգավիճակ ձեռք բերելու ճանապարհին գտնվող մարդուն հաճելի չի թվում։ Ըստ գյուղացիների, պարոն Պետրոսյանը 5-6 տարի առաջ հասնում է նրան, որ դստերը բաժանում է Արթուրից և աղջկան ամուսնացնում երևանամերձ 3-րդ սովխոզից մեծահարուստ Խորոզյանների որդու հետ։ Բամբակաշատցիները Ռոզայի նոր ամուսնուն հաճախ են տեսնում հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող երգիծական հաղորդումով։
Գյուղացիներն ասում են, որ սկզնական շրջանում ԱԺ պատգամավորը Արթուրին թույլ էր տալիս հանդիպել դստերը, սակայն՝ 3 ամիսը մեկ անգամ։ Որոշ ժամանակ հետո նա ընդհանրապես արգելում է հանդիպումները։ Արթուրն, ըստ գյուղացիների, հասկանում է, որ Բամբակաշատցի Ալիկը հիմա «ՄԱՊ-ի Ալիկն» է, որի թուրը կտրում է աջ ու ձախ և ինքը Հայաստանում որևէ տարբերակ չունի դստերը վերադարձնելու, հեռանում է Մոսկվա։ Հարազատ թոռնիկին Ալիկ Պետրոսյանը տալիս է իր ազգանունը, իսկ հոր անվան փոխարեն գրանցում իր անունը՝ Պետրոսյան Մանե Ալիկի։