Սերժ Սարգսյանի թիմի զինվորի պատասխանը Գագիկ Ջհանգիրյանին
«Չեմ կարծում, որ ընտրությունից ընտրություն Մարտի 1-ի մասին հիշելով՝ մենք կարողանում ենք լուրջ խնդիր լուծել ու որևէ քայլ առաջ կատարել Մարտի 1-ի բացահայտման համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի կողմից շրջանառության մեջ դրված՝ 2008թ. մարտի 1-ի սպանությունների բացահայտման գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկությանը:
«Չեմ կարծում, որ ճիշտ է ընտրությունների նախաշեմին հիշել Մարտի 1-ի զոհերի մասին ու շահարկել այդ թեման՝ անկախ նրանից՝ դրանով զբաղվում են ընդդիմությա՞ն, իշխանությա՞ն, թե՞ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Այս իմաստով՝ այն կարծիքին չեմ, որ համապատասխան մարմինները, իշխանություններն ուշադրության կենտրոնում չեն պահել այս հարցը: Ինձ համար ամենակարևորը նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն է, որտեղ նա նշեց, որ այս խնդրի բացահայտումը մշտապես եղել է իր ուշադրության կենտրոնում: Այսօր էլ կա հստակ հանձնարարական, որ համապատասխան մարմինները մանրամասն իրականացնեն քննությունը»,- ասաց Է. Շարմազանովը:
Վերջինիս խոսքով, Մարտի 1-ի բացահայտման, բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար անհրաժեշտ են վկաներ, որոնց առկայությամբ միայն կարելի է սպասել նոր զարգացման: «Եթե պարոն Ջհանգիրյանն ունի վկաների տեղը կամ ունի փաստեր, որպես փորձառու իրավաբան, թող ոչ թե հանձնաժողովներ ստեղծի, շոուներ կազմակերպենք, զգացմունքային հայտարարություններ անենք, այլ պետք է դիմի իրավապահ մարմիններին՝ խնդիրը իրավական դաշտում լուծելու համար: Սա քաղաքական խնդիր չէ, ու ընտրությունների նախօրեին Մարտի 1-ի մասին հիշատակելը ճիշտ չէ»,- ընդգծեց Շարմազանովը:
Ըստ Շարմազանովի, Ջհանգիրյանը, որպես փորձառու իրավաբան, գիտի, որ բոլոր խնդիրները լուծվում են իրավական տիրույթում, ու զգացմունքային ավելորդ հայտարարությունները կարող են վնաս հասցնել խնդրի կարգավորմանը:
«Ես՝ որպես քաղաքական գործիչ, ԱԺ փոխնախագահ, նախագահ Սարգսյանի թիմի զինվոր, ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ ցանկացած զգացմունքային շոու, PR պարունակող քաղաքական հնարք կարող է վնասել իրավական խնդրի լուծմանը»,- ասաց Շարմազանովը` ավելացնելով, որ, քանի որ կուսակցությունը նիստ չի հրավիրել, օրենսդրական այս նախաձեռնության մասին ՀՀԿ պաշտոնական դիրքորոշումն առայժմ հայտնի չէ: Գ. Ջհանգիրյանը հրաժարվեց մեկնաբանել Է.Շարմազանովի վերը նշված հայտարարությունները` խոստանալով այս թեմայի հետ կապված բոլոր հարցերին պատասխանել վաղը: