ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման կետերի վերաբերյալ ռուս- հայկական արձանագրության նախագծին

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման կետերի վերաբերյալ ռուս- հայկական արձանագրության նախագծին, հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությանը։

 

ՌԴ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին հանձնարարվել է հայկական կողմի հետ բանակցություններ վարել և համաձայնության հասնելու դեպքում ՌԴ կառավարության անունից արձանագրություն ստորագրել՝ դրանում չներառելով սկզբունքային փոփոխություններ, ասվում է հաղորդագրության մեջ։

 

Արձանագրությունում ներառված են Հայաստանում ռուսական ռազմաբազայի 30 տեղակայման կետեր։ Ընդ որում, դրանցից 10-ը, արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո, պետք է փոխանցվեն Հայաստանին՝ ընդունման- հանձնման ակտերի համաձայն։
Ռուսաստանն ու Հայաստանը մտադիր են ստորագրել արձանագրություն, որով փոփոխություններ են մտցվում Հայաստանում ռուսական ռազմաբազաների մասին պայմանագրում: Արձանագրության նախագծի համաձայն՝ «Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմական բազան, բացի ՌԴ շահերի իրականացման գործառույթից, ՀՀ զինված ուժերի հետ ապահովում է այդ հանրապետության անվտանգությունը»:

Հիշեցնենք, որ 10 տեղակայման կետերի՝ Հայաստանին փոխանցման մասին սեպտեմբերի 19-ին Հայաստանում գտնվելու ժամանակ հայտարարել էր նաև ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:

Տեսանյութեր

Լրահոս