Նոր գիրք` «Գարուն» ամսագրի մատենագիտություն
Հայ ընթերցողի սեղանին արդեն կարող է հայտնվել նաև «Գարուն» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրի մատենագիտությունը:
Նշենք, որ ամսագիրը լույս է տեսել 1967թ. մարտին: Մատենագիտության հեղինակ Լևոն Անանյանի խոսքով` այն երիտասարդական ամսագիր էր, որը հենց առաջին իսկ համարից անդրադարձել է երիտասարդությանը հուզող խնդիրներին:
«Այն որոնել է կյանքի չերևացող երակները, թույլ է տվել մոտենալ այրող հարցերին և չշտապել բոլոր հարցերին համար պատասխաններ մշակելուց»,- ասում է «Գարուն» ամսագրի մատենագիտության հեղինակ Լևոն Անանյանը:
«Գարունում» առկա նյութերը հեղինակը դասել է ըստ ժանրային և թեմատիկ առանձնահատկությունների (հրապարակագրություն, արձակ, պոեզիա, գրականագիտություն, գիտություն, արվեստ, դպրոց)՝ համար առ համար ներկայացնելով ամսագրի բովանդակությունը: «Գարուն» ամսագրի մատենագիտությունը հրապարակվել է պետական բյուջեի աջակցությամբ, որն ուղղված է ոչ միայն հայ նորագույն գրական մասնագետներին, այլև ընթերցող լայն հասարակությանը»,- նշում է Լևոն Անանյանը: