«Հարսնաքարի» պայթեցման սպառնալիքի գործով պաշտպանը միջնորդել է գործը քննել արագացված կարգով
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ, այսօր`սեպտեմբերի 25-ին մեկնարկել է «Հարսնաքար» հյուրանոցային համալիրը պայթեցնելու փորձ կատարած, ԶՈՒ փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը:
Սամվելյանը առաջին իսկ նիստում իրեն մեղավոր է ճանաչել, իսկ նրա պաշտպանը միջնորդել է գործը քննել արագացված կարգով:
Մեղադրող Տիգրան Հարությունյանն առաջարկել է Սամվելյանին դատապարտել վեց ամսվա ազատազրկման եւ 200 հազար դրամ տուգանքի: Դատավոր Արմեն Վարդապետյանը նիօստը հետաձգել է մինչեւ հոկտեմբերի 4-ը, երբ ամփոփիչ խոսքով հանդես կգա Վարդան Սամվելյանը:
Նշենք, որ Սամվելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով՝ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասով` (ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը):