Ավելի ստոր գործարք անհնար է պատկերացնել. Սլովակիայի հունգար պատգամավոր
Սլովակիայի Ազգային Խորհրդի (ԱԽ) արտաքին հարաբերությունների դեպարտամենտի նախագահ, հայտնի քաղաքական գործիչ, Սլովակիայի հունգարական MOST-HIT կուսակցության պառլամենտական ներկայացուցիչ Ֆրանտիշեկ Շեբեյը Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ իր կարծիքն է արտահայտել հունգար-ադրբեջանական կայացած գործարքի մասին: Ֆրանտիշեկ Շեբեյը խստորեն դատապարտել է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Բաքվի իշխանություններին հանձնելու Հունգարիայի կառավարության և, մասնավորապես, վարչապետ Օրբանի գործելաձևը և կատարվածն անվանել 21-դ դարում քաղաքակիրթ երկրի համար անհարիր:
Այս մասին հայտնում են Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից:
Ըստ Ֆրանտիշեկ Շեբեյի՝ ավելի ստոր գործարք ուղղակի անհնարին է պատկերացնել. «Եթե Ադրբեջանից կարելի է սպասել ամեն ինչ, ապա ԵՄ-ը ներկայացնող Հունգարիայի կողմից այսպիսի խաբեբայություն ուղղակի անհավատալի էր ակնկալել»:
Սլովակիայի հայտնի քաղաքական գործիչն ասել է, թե ոչինչ այլևս չի կարող փրկել և կամ արդարացնել կատարվածը, քանի որ համայն մարդկության աչքի առջև վաճառվեց արդարադատությունը:
Պարոն Աշոտ Գրիգորյանի հարցին, թե Սլովակիայի ԱԽ արտաքին հարաբերությունների դեպարտամենտի նախագահը չի՞ կարծում, որ պետական կոռուպցիայի կողքին տեղի է ունեցել նաև անձնական շահագրգռվածության բավարարում վարչապետ Օրբանի և նրա կողմնակիցների կողմից, պարոն Շեբեյը հայտարարել է. «Անկասկած այդպիսի կոռուպցիայի մեջ կարող են չմեղադրվել միայն կառավարության այն անդամները, որոնք դատապարտել են կատարվածը և նույնիսկ դրան դեմ են հանդես եկել ժամանակին: Օրինակ, Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնին: Մնացած բոլորին կարելի է կասկածել և անկասկած պատասխան պահանջել»:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև պարոն Շեբեյի Հայաստան կատարելիք այցի հետ կապված հարցեր: Ֆրանտիշեկ Շեբեյը հայտարարել է, որ պատրաստ է Հայաստան այցի ժամանակ հունգարա-ադրբեջանական գործարքի մասին պաշտոնապես փոխանցելու իր կարծիքը ՀՀ ԱԺ ղեկավարությանը: