
Փակ շուկայի նախագծի քննարկումը հետաձգվել է

Երևանի քաղաքաշինության խորհուրդն այս օրերին պետք է քննարկեր Փակ շուկայի վերգետնյա հատվածի նախագիծը: Երեկ, երբ այդ խորհրդի անդամ, ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանից «ՀԺ»-ի թղթակիցը հետաքրքրվել է քննարկումների արդյունքների մասին, նա ասել է, որ քննարկում տեղի չի ունեցել: Դա, ըստ նրա, նախատեսված էր ուրբաթ օրը, բայց քանի որ համընկել է Հայաստանի անկախության հռչակման 21-րդ տարեդարձի օրվա հետ, Փակ շուկայի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչև հաջորդ ուրբաթ: Թերթը նշում է, որ այս հուշարձան շենքը, որի սեփականատերն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է, արդեն գրեթե կիսավեր վիճակում է: Շուկան ի սկզբանե սկսել է վերակառուցվել` առանց համապատասխան նախագծի և թույլտվության: