Զարմանալի բուժարար Ագավան

Բուժիչ նամակներ

Agavaceae ընտանիքն ընդգրկում է մոտ 300 տեսակներ։ Ըստ կենսաբանական հատկանիշների` մոտ է շքանարգիզների (Amaryllidaceae) ընտանիքի բույսերին։
Բնական պայմաններում հանդիպում է
ԱՄՆ-ի հարավում, Մեքսիկայում, Լատինական և Կենտրոնական Ամերիկայի երկրներում։

Մեքսիկա պետության անվանումը կապված է բույսերի հետ` Ագավայի տեղ։ Եվրոպա է բերվել ետկոլումբյան ժամանակաշրջանում։ Լավ է հարմարվել Ադրիատիկ և Սև (Ղրիմ, Կովկաս) ծովերի մերձափնյա շրջաններում։
Հաճախ վայրիանում է։ Լատիներեն agauos նշանակում է` զարմանալի։

Ագավայի տեսակները տարբերվում են տերևի և ծաղիկի գույնով և չափով, արմատի կառուցվածքով, բնակլիմայական պայմանների հանդեպ պահանջներով, բազմացման եղանակով, և այլն։

Բազմամյա բույսեր են, կյանքի միջին տևողությունը 10-17 տարի է։
Կոճղարմատը հզոր է, արմատները` ճյուղավորված։ Ցողունը` որպես կանոն, բացակայում է, մերձարմատային տերևավարդակը կարող է պարունակել մինչև 30 տերև։ Տերևների երկարությունը կախված է տեսակից, տատանվում է 0,3-2 մետրի սահմաններում։ Ծաղկում է ընդամենը մեկ անգամ` կյանքի վերջում։ Ծաղկակիր ցողունի բարձրությունը կարող է հասնել 10-12 մ։ Ագավաների մեծ մասը բազմանում է միայն սերմերով։
Տերևի գագաթը սրված է, վերջանում է աղեղանման փշով, որից կարելի է պատրաստել գամ։

Տերևաթաղանթի եզրերը պատված են ավելի մանր, իրարից մի քանի սմ հեռավորության վրա գտնվող փշերով։ Գունավորումը մոխրագույն է, տարբեր երանգների կանաչ, որոշ տեսակների մոտ` տերևի եզրերով անցնում են դեղնասպիտակավուն գծեր։ Տերևները պատված են մոմի խիտ փառով, խիտ են, մսոտ, հյութալի։
Ունի մեծ տնտեսական նշանակություն։ Տերևներից արտադրում են թուղթ, ամուր մանվածք, ոգելից և զովացուցիչ ըմպելիքներ, որոշ տեսակներ օգտագործվում են սննդի մեջ։

Ծովի մակերևույթից 1500 մ բարձրության վրա, հատուկ նախատեսված տարածքներում մշակում են Ագավա երկնագույնը (A.tequlana)։ Բույսի ծաղիկները դեղին են, հետաքրքիր է իմանալ, որ փոշոտումը կատարվում է չղջիկների միջոցով։ Այս տեսակից արտադրվում է հանրահայտ տեկիլա օղին։

Ագավա մուգ կանաչից (A. atrovirens karw.) արտադրվում է ոգելից ըմպելիք` օկտիլ (պուկլե), որը շատ հարգի է Մեքսիկայում։
Գեղազարդական նպատակներով առավել հաճախ օգտագործվում է Ագավա ամերիկյանը (A. American)։ Բույսը չի ծաղկում սենյակային պայմաններում, սակայն այն կարելի է բազմացնել արմատային ծիլերով։

Ացտեկները բույսի հյութով բուժել են միզապարկի հիվանդությունները, վերքերը։ Ժամանակակից բուժարարները կիրառում են բույսը իշիասի, ռադիկուլիտի, սպոնդիլյոզի, օստեոխոնդրոզի, լյարդի, աղեստամոքսային համակարգի և շնչառական ուղիների հիվանդությունների բուժման համար։ Բույսն օգտագործվում է հոմեոպատիայում։
Չինացիներն արմատից ստանում են կոնտրացեպտիվ դեղորայք։ Տերևից սինթեզում են ստերոիդ հորմոններ-կորտիզոն և պրոգեստերոն։

Ագավա ամերիկականն իր քիմիական և դեղաբանական հատկություններով մոտ է հալվեին (ալոէ), սակայն հալվեն պատկանում է շուշանազգիների ընտանիքին, և նրա հայրենիքը Հարավային Աֆրիկան է։ Ունեն ցավամոքիչ, ջերմիջեցնող, վարակամերժ, հակաբորբոքային, խորխաբեր հատկություն։
Բուժիչ նպատակներով օգտագործում են Ագավա ամերիկյանի 3 տարեկանից մեծ տերևը և դրա հյութը։

Ագավան պարունակում է անորդին և դինորդրին նյութերը, որոնք ունեն հակաբեղմնավորիչ ազդեցություն։ Տերևի արտաքին օգտագործման դեպքում հնարավոր է` առաջանա ալերգիկ ռեակցիա։
Նստաջիղի բորբոքում. Կիսեք տերևաթաղանթը, հեռացրեք փշերը, կտրված կողմով դրեք ցավոտ տեղերին, ամրացրեք։

Ռադիկուլիտ. Տերևի կտրված կողմով շփեք մեջքը։ Եթե առաջանում է այրոց և ցավի զգացում, նշանակում է, որ հյութը «քաշում է» ցավը։ Կատարեք օրը երկու անգամ, պետք չէ փաթաթել։

Նույն կերպ վարվեք կապտուկների դեպքում։
Կարելի է շփել մեջքը նաև տերևի հյութով։

Եթե առաջանում է մաշկի քոր և կարմրություն, ապա բուժումը պետք է դադարեցնել։ Նման դեպքում վնասված հատվածին դրեք կաթնաշոռ և վիրակապեք։

Ոգեթուրմով բուժում են նաև նևրալգիան, պարալիչը, պարանոցի օստեոխոնդրոզը, ռևմատիզմը։

  • Մանրացրեք թարմ տերևները, ավելացրեք օղի 1։10 քաշային հարաբերությամբ։ Մեկ շաբաթ թրմեք կիպ փակված ապակե տարայի մեջ` սենյակային պայմաններում։ Քամեք։ Տեղափոխեք մուգ շշի մեջ։
  •   Մանրացրած տերևը լցրեք տարայի մեջ, ավելացրեք օղի այնպես, որ լինի հումքից 2-3 սմ բարձր։ Թրմեք և պահպանեք վերոգրյալ ձևով։

Ոգեթուրմով կատարեք շփումներ և դրեք թրջոց։ Կարելի է օգտագործել գեղարարական նպատակներով` կորյակների և պզուկների վերացման համար։

Հանգստացնող, վերքամոքիչ և հակաբորբոքային ազդեցություն ունի նաև Ագավայի տերևի պտղամսով պատրաստված քսուքը։ Այն կարող եք օգտագործել նույն հիվանդությունների և չիբանի բուժման համար։

  •   Մաքրեք տերևը կեղևից, պատրաստեք 10 տոկոսանոց օղու ոգեթուրմ։ 2 ճ/գ ոգեթուրմը խառնեք 200-ական գրամ մեղրի և արևածաղկի յուղի հետ։ Քսեք հաստ շերտով թանզիֆի վրա, տեղադրեք ցավոտ տեղին, վիրակապեք։ Կես ժամից մաքրեք քսուքը խոնավ լաթով։ Շարունակեք 5 օր։

Զգուշացում։ Արտաքին և ներքին բուժումը կատարեք միայն բժշկի հսկողությամբ։

Տեսանյութեր

Լրահոս