ԲՀԿ-ական նախկին մարզպետը մեկնաբանում է իր և որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը

Վայոց Ձորի մարզի նախկին մարզպետ, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, 48-ամյա Սերգեյ Բագրատյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել է իր և որդու մասնակցությամբ երեկ` սեպտեմբերի 23-ին, ՏԻՄ ընտրությունների ժամանակ, Արտաբույնք գյուղում արձանագրված միջադեպը: Նա հերքել է տարածված տեղեկությունները, թե ինքը փորձել է վերցնել քվեաթերթիկների մի մեծ մաս, իսկ այդ ամենը կանխող ոստիկանին վիրավորել և հայհոյել է, ապա` գլխով հարվածել:

«Միջադեպը չի եղել, չգիտեմ`ովքեր են այդ տեղեկատվությունը տարածում, բայց ոչ մի միջադեպ չի եղել, եղել է լարված պայքար, յուրաքանչյուրը ցանկացել է հաղթել: Ամբողջովին հերյուրանքներ են, ոչ մի նման բան չի եղել: Չգիտեմ` որտեղից է այդ լրատվությունը, ենթադրում եմ, որ այն հաջողությունները, որոնք գրանցվել են, որոշ մարդկանց դուր չեն եկել: Եղեգնաձորում մեր թեկնածուն հաղթել է, դա մարզկենտրոն է, որոշ մարդիկ, որոնք հակված չեն մրցակից թեկնածուի հաղթանակն ընդունելու արժանապատիվ, ենթադրում եմ, որ ապատեղեկատվություն են տարածում»,- ասել է նա` չցանկանալով նշել, թե ովքեր են «որոշ մարդիկ»: Նա նաև հերքել է տեղեկությունները, թե իրեն բերման են ենթարկել ոստիկանության բաժին, իսկ իր որդուն փնտրում են` հավելելով, որ «իր որդին իր կողքին է»:

Հիշեցնենք, որ ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի` այսօր Ոստիկանության Եղեգնաձորի բաժին է դիմել Արտաբույնք գյուղի բնակիչ, 52-ամյա Ծառուկ Թադևոսյանը և հայտնել, որ գիշերը` ժամը 03:30-ի սահմաններում, Արտաբույնք համայնքի ղեկավարի թեկնածու ՀՀ ԵԿՄ մարզային կառույցի անդամ, 52-ամյա Արմեն Սետրակյանը, իր համախոհներ` Երևանի Աճեմյան փողոց 1-ին նրբանցքի բնակիչ, ԲՀԿ անդամ, Վայոց Ձորի մարզի նախկին մարզպետ, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, 48-ամյա Սերգեյ Բագրատյանը և նրա որդին` Երևանի Պարոնյան փողոցի 1-ին շենքի բնակիչ, 17-ամյա Շանթ Բագրատյանը, երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում` տեսնելով, որ ձայները հօգուտ իրենց թեկնածուի չէ, ներխուժել են նշված գյուղի առաջին հարկում տեղակայված ընտրատեղամաս, վերցրել են քվեաթերթիկների մեծ խմբաքանակ և փորձել են հեռանալ ընտրատեղամասից:

Սակայն ընտրատեղամասում քվեարկություն կատարող Ոստիկանության Գորիսի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեսուչ, Ոստիկանության կապիտան, 33-ամյա Արմեն Բակունցը փորձել է կանխել Բագրատյանի և նրա «թայֆայի» անօրինակական գործողությունները: Այդ ժամանակ Շ. Բագրատյանը հրել և վայր է գցել ոստիկանին, ինչի հետևանքով ցրվել են դուրս բերված քվեաթերթիկները: Այդ ամենից հետո նախկին մարզպետ Ս. Բագրատյանը, վիրավորանքներ և հայհոյանքներ տալով, գլխով հարվածել է Ա. Բակունցի դեմքին:

Գ.Շամշյանի փոխանցմամբ` հարվածի արդյունքում տուժողը շրթունքի մասում վնասվածք է ստացել: Արդեն լուսաբացին Ա.Սետրակյանը և Ս.Բագրատյանը բերման են ենթարկվել Ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Ձեռնարկվում է օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ` Շ.Բագրատյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Եղեգնաձորի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 23-ին ՏԻՄ ընտրություններից հետո  Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առիթով:

 

Տեսանյութեր

Լրահոս