ԲՀԿ-ական նախկին մարզպետի գործով նյութերն ուղարկվել են ՀՔԾ
Եղեգնաձորի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 23-ին ՏԻՄ ընտրություններից հետո Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առիթով:
Հիշեցնենք, որ ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի` այսօր Ոստիկանության Եղեգնաձորի բաժին է դիմել Արտաբույնք գյուղի բնակիչ, 52-ամյա Ծառուկ Թադևոսյանը և հայտնել, որ գիշերը` ժամը 03:30-ի սահմաններում, Արտաբույնք համայնքի ղեկավարի թեկնածու ՀՀ ԵԿՄ մարզային կառույցի անդամ, 52-ամյա Արմեն Սետրակյանը, իր համախոհներ` Երևանի Աճեմյան փողոց 1-ին նրբանցքի բնակիչ, ԲՀԿ անդամ, Վայոց Ձորի մարզի նախկին մարզպետ, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, 48-ամյա Սերգեյ Բագրատյանը և նրա որդին` Երևանի Պարոնյան փողոցի 1-ին շենքի բնակիչ, 17-ամյա Շանթ Բագրատյանը, երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում` տեսնելով, որ ձայները հօգուտ իրենց թեկնածուի չէ, ներխուժել են նշված գյուղի առաջին հարկում տեղակայված ընտրատեղամաս, վերցրել են քվեաթերթիկների մեծ խմբաքանակ և փորձել են հեռանալ ընտրատեղամասից:
Սակայն ընտրատեղամասում քվեարկություն կատարող Ոստիկանության Գորիսի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեսուչ, Ոստիկանության կապիտան, 33-ամյա Արմեն Բակունցը փորձել է կանխել Բագրատյանի և նրա «թայֆայի» անօրինակական գործողությունները: Այդ ժամանակ Շ. Բագրատյանը հրել և վայր է գցել ոստիկանին, ինչի հետևանքով ցրվել են դուրս բերված քվեաթերթիկները: Այդ ամենից հետո նախկին մարզպետ Ս. Բագրատյանը, վիրավորանքներ և հայհոյանքներ տալով, գլխով հարվածել է Ա. Բակունցի դեմքին:
Գ.Շամշյանի փոխանցմամբ` հարվածի արդյունքում տուժողը շրթունքի մասում վնասվածք է ստացել: Արդեն լուսաբացին Ա.Սետրակյանը և Ս.Բագրատյանը բերման են ենթարկվել Ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Ձեռնարկվում է օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ` Շ.Բագրատյանին հայտնաբերելու ուղղությամբ: