Ըստ նախնական արդյունքների՝ Բերդի գործող քաղաքապետը պարտվել է

Սեպտեմբերի 23-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվել Տավուշի մարզի 62 համայնքներից 54-ում: Ընդ որում` 49 համայնքներում, այդ թվում` 4 քաղաքներում, կայացել են համայնքի ղեկավարի, իսկ 46-ում` ավագանու անդամի ընտրություններ:

Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների, Դիլիջանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արմեն Սանթրոսյանը: Նրա օգտին քվեարկել են 4 688 ընտրողներ: Մյուս երկու թեկնածուները` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Ժորա Սահաբալյանը և անկուսակցական, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գուրգեն Հարությունյանը ստացել են համապատասխանաբար 2 824 և 428 քվեներ:

Դիլիջանի 14 589 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 8 283 -ը: 243   քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Նոյեմբերյանում գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Վանուշ Ամիրաղյանը ստացել է 1 670, իսկ ինքնաառաջադրված անկուսակցական Քաջիկ Անանյանը` 1 425 քվե:

Նոյեմբերյանի 4 756 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 3 220-ը: 78 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Բերդում, ըստ նախնական արդյունքների, հաղթել է ինքնաառաջադրված ՀՀԿ անդամ, ՀԷՑ-ի Աղստև մասնաճյուղի տնօրեն Հարություն Մանուչարյանը: Նրա օգտին քվեարկել են 2 825 ընտրողներ: Մյուս երկու թեկնածուները` ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ Անդրանիկ Շառյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Համայակ Ադամյանը ստացել են համապատասխանաբար 1 065 և 741:

Բերդի 7 596 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 4 773-ը: 141 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Այրումում, ըստ նախնական արդյունքների, հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի թեկնածու Գիգոլ Եգանյանը: Նրա օգտին քվեարկել է 742 ընտրող: Երկրորդ թեկնածուն` ինքնաառաջադրված անկուսակցական Արթուր Այվազյանը, ստացել է 469 քվե:

Այրումի 1 997 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 1 264-ը: 40 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս