Ճապոնիայի զբոսաշրջային ցուցահանդեսում ադրբեջանցիները փորձել են հակահայ քարոզչություն իրականացնել

Սույն թվականի սեպտեմբերի 20-23-ին Տոկիոյում կայացող “JATA” միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը փորձել է քարոզչական բնույթի հակահայկական ապատեղեկատվությամբ մեծաքանակ նյութեր տարածել մասնակիցների և այցելուների շրջանում:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի պատվիրակությունը պահանջել է ցուցահանդեսի կազմակերպիչներին արգելել ադրբեջանական պրովոկացիան, ինչին կազմակերպիչ կողմի ղեկավարությունն օպերատիվ արձագանքել է, և ադրբեջանական նյութերը դուրս են հանվել ցուցահանդեսից:

Ադրբեջանի ջանքերը, միջազգային զբոսաշրջային հարթակներն օգտագործել հակահայկական քարոզչության համար, հերթական անգամ ձախողվեց` հանդիպելով զգոնության մեր հակազդեցությանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակը:

Օրեր առաջ էլ Փարիզում “Top Resa” միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում վնասվել էր Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարը, մասնավորապես ԼՂՀ պաստառները. ադրբեջանական կողմը բողոքել էր Արցախի մասնակցության փաստի կապակցությամբ: Չնայած այս ամենին` տաղավարը վերականգնվեց, իսկ հայկական քարտեզները և գովազդային նյութերը լայնորեն հասանելի էին միջազգային հանրության համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-23-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը Տոկիոյում մասնակցում էր  «JATA» միջազգային զբոսաշրջային ֆորումին:

«Զբոսաշրջային գործակալների ճապոնական ասոցիացիայի» կողմից կազմակերպվող այս ցուցահանդեսը Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից է, որին մասնակցում են ավելի քան 150 երկրների զբոսաշրջային կազմակերպություններ և կառավարության ներկայացուցիչներ:

Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ուներ՝ խթանելու Հայաստանի ներկայացվածությունը ասիական շուկայում, հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատել և նպաստել ներգնա զբոսաշրջության աճին:

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս