
Ադրբեջանը Թուրքիայից «Կոբրա» զրահամեքենաներ է գնել

Ադրբեջանը Թուրքիայից գնել է «Կոբրա» տիպի զրահամեքենաներ: Ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության՝ այս մասին հայտնել են ռազմական աղբյուրները:
Վերջիններիս հաղորդմամբ՝ զրահամեքենաների հերթական խմբաքանակն օրեր առաջ է հասցվել Բաքու: Վաճառքն իրականացվել է 2010 թվականին կնքված համաձայնագրի շրջանակներում: Ըստ դրա՝ թուրքական «Օտոկար» ընկերությունը պետք է Ադրբեջանին մատակարարեր տարբեր տիպի զրահամեքենաների 123 միավոր, որոնցից 35-ը՝ «Կոբրա» տիպի զրահամեքենա, 37-ը՝ հետևակի մարտական մեքենա, իսկ 51-ը՝ Land Rover Defender տիպի տրանսպորտային միջոց:
«Կոբրան» նախատեսված է 13 մարդու փոխադրման համար, որի քաշը 6 տոննա է, իսկ արագությունը՝ 110 կմ/ժամ: Հակաականային ամրություն ունեցող այդ մեքենան ի վիճակի է ետ մղել ռադիոակտիվ և քիմիական հարվածներ: Մեքենայի վրա կարելի է տեղակայել զենքի տարբեր տեսակներ: