Երևանի քաղաքապետը պահանջել է գույքագրել անավարտ շինությունները և պատժել պարտավորությունից խուսափողներին
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մայրաքաղաքի ամբողջ տարածքում իրականացնել անավարտ շենք-շինությունների գույքագրում և ներկայացնել այդ տարածքների Երևան քաղաքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով նախատեսված նպատակային նշանակությամբ կառուցապատումը սկսելու և ավարտելու վերաբերյալ տեղեկատվություն:
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից 168.am-ին հայտնում են, որ քաղաքապետը հանձնարարել է նաև պարտավորություններից խուսափելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվել պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ` ընդհուպ հողամասերի, շենքերի կամ շինությունների նկատմամբ առկա իրավունքների դադարեցում:
«Արդեն երկար ժամանակ է, ինչ այդ տարածքները գտնվում են բարձիթողի վիճակում և ավելորդ անհարամարություններ են ստեղծում: Մենք պետք է ձեռնարկենք համապատասխան միջոցները մեր քաղաքացիների հարմարավետ տեղաշարժի, ինչպես նաև մայրաքաղաքի ճարտարապետական ընդհանուր տեսքի ապահովման նպատակով»,-նշել է Տարոն Մարգարյանը: Մայրաքաղաքի 2013 թվականի բյուջետային գործընթացին անդրադառնալով քաղաքապետը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել տեղական եկամուտների ավելացման հնարավորությունների, ծախսերի արդյունավետ ծրագրավորման մեխանիզմների, ինչպես նաև բյուջետային ծախսերի պլանավորման գործընթացում բնակիչների հնարավորին մասնակցության ապահովման վերաբերյալ: Մասնավորապես հանձնարարվել է առաջարկություններ ներկայացնել նաև «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» կիրարկվող նոր օրենքով ավտոկայանտեղիների համար տեղական տուրքի դրույքաչափերի վերաբերյալ:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական տրասպորտի սպասարկման որակի նկատմամբ: Առավոտյան և երեկոյան ժամերին տրանսպորտային հոսքերի կանոնակարգման նպատակով իրականացվում է ուժեղացված հսկողություն: Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Նոր ավտոբուսների շահագործման հետ կապված քաղաքապետը հանձնարարել է շարունակել ավտոբուսների վարորդների թափուր աշխատատեղերի և աշխատանքային լրացուցիչ պայմանների մասին ծանուցումը:
«Մեր համաքաղաքացիները հաճախ բարձրացնում են աշխատատեղերի բացակայության հետ կապված հարցեր: Երևանի քաղաքապետարանի ենթակայության սանմաքրման և կանաչապատման ձեռնարկություններում, ինչպես նաև ավտոբուսների շահագործումն ապահովելու համար այսօր մենք ունենք պահանջվող մասնագետների թափուր հաստիքներ: Ուստի պետք է ձեռնարկենք համապատասխան բոլոր միջոցները այդ աշխատատեղերի, ինչպես նաև առաջարկվող պայմանների մասին բնակչությանն իրազեկելու համար»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: