
Էկվադորը մտադիր է Ասանժին հանձնել Շվեդիային

Էկվադորի իշխանությունները առաջարկել են Ջուլիան Ասանժին տեղափոխել Շվեդիա: WikiLeaks-ի հիմնադիրը կարող է վկայություններ տալ Ստոկհոլմում, որը պահանջում է նրան արտահանձնել՝ կապված սեքսուալ բնույթի գործողությունների գործի հետ, սակայն պայմանով, որ նա գտնվելու է Էկվադորի պաշտպանության տակ: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»:
Ինչպես հայտարարել է Էկվադորի ԱԳՆ ղեկավար Ռիկարդո Պատինյոն, Ասանժը, որին էկվադորյան իշխանությունները տրամադրել են քաղաքական ապաստան, կարող է վկայություններ տալ ստոկհոլմյան իրավապահներին` գտնվելով Շվեդիայում Էկվադորի դեսապանաատանը:
«Ներկայում Շվեդիայում դատական գործընթացի նախնական լսումներում գրանցվում է առաջընթաց՝ հայտնվել են նոր ապացույցներ, որոնք հերքում են նրա մեղքը»,- հայտարարել է Պատինյոն:
Պատինյոն հայտնել է նաև, որ ինքն այս շաբաթ պատրաստվում է Նյու Յորքում հանդիպել բրիտանացի իր գործընկերների հետ՝ քննարկելու Ասանժի շուրջ ստեղծված իրավիճակը:
Անձամբ Ասանժը արդեն 3-րդ ամիսն է՝ գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում: