
Վրաստանի փոխարտգործնախարարը ԵԱՀԿ-ին հորդորել է զբաղվել Հարավային Կովկասում անվտանգության մարտահրավերների չեզոքացմամբ

Վրաստանի փոխարտգործնախարար Սերգի Կապանաձեն ելույթ է ունեցել Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդի նստաշրջանում: Ըստ վրացական apsny.ge լրատվական կայքի՝ այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Կապանաձեն իր ելույթում ԵԱՀԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչներին ծանոթացրել է վրացական կողմի դիրքորոշման հետ, թե ինչ է կարծում Վրաստանը ժամանակակից մարտահրավերների չեզոքացման հարցում ԵԱՀԿ-ի գործունեության վերականգնման վերաբերյալ:
Կապանաձեն ներկաների ուշադրությունը հրավիրել է Վրաստանի անջատողական շրջաններում տիրող իրավիճակի, Վրաստանի սահմաններին անցկացվող մասշտաբային զորավարժությունների և տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա: Իր ելույթում Կապանաձեն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգության այժմեական խնդիրներին և այդ հարցում վրացական կողմի ակնկալիքներին:
Կապանաձեն կարևորել է նաև Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները միջազգային չափորոշիչներին համապատասխան անցկացնելը: Վիեննայում Կապանաձեն հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի, ԵԱՀԿ-ում նախագահող Իռլանդիայի դեսպան Օ’Լիրիի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ երկրների դեսպանների հետ: