
Թուրքիայի զինված ուժերը որոշել են «մաքրման» գործողություններ իրականացնել վտանգավոր նահանգներում

Թուրքիայի զինված ուժերը նոր մարտավարություն են որդեգրել երկրում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարում: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վերջին շրջանում Թուրքիայում բավական շատացան PKK-ի հարձակումները, տեղեկացնում է թուրքական Hürriyet թերթը:
Թուրքական անվտանգության ուժերը ներկայումս սկսել են հերթականությամբ «մաքրման» մեծ գործողություններ ձեռնարկել երկրի հարավարևելյան շրջաններում: Թուրքական բանակի ուշադրության կենտրոնում են հատկապես Հաքքարի և Շըրնաք նահանգները, որոնցում էլ մեկնարկել են «մաքրման» գործողությունները: Այդ նահանգները բաժանվելու են առանձին շրջանների, որոնցում էլ նախ մեկուսացվելու, ապա նաև ոչնչացվելու են քուրդ զինյալները:
«Մաքրման» գործողություններ իրականացնելու հարցում առաջնահերթ նահանգների թվում են ընդգրկվել նաև Բաթմանը (Սասուն), Վանը, Սիիրթը (Սղերթ), Բինգյոլը (Բյուրակն), Մուշը, Թունջելին, Դիարբեքիրը: Օպերացիաներում ներգրավվելու են նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերը: