«ՏԻՄ ընտրություններում աչք են ծակում մարդկանց ազատ կամարտահայտության վրա ազդելու գործողություններ»
«Չնայած նկատվում է կազմակերպիչների ջանքերի գործադրում որոշ համայնքներում` որակի բարելավման առումով, այդուհանդերձ` որոշ տեղերում մենք նորից հանդիպում ենք ցնդող թանաքներին, հանձնաժողովականնների կամայականություններին, կուտակումներին, և այս անգամ մենք ականատես եղանք ոստիկանության չափից ավելի նախաձեռնողականությանը»,- 168.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, ով որպես դիտորդ ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքների ընտրություններին:
«Դուք գիտեք` որոշ դեպքերում մեր թեկնածուների ներկայացուցիչները հրավիրվում էին զրույցների ոստիկանության բաժանմունքներ, այդուհանդերձ ամեն ինչ ավարտվել է առանց ինչ-որ էքսցեսների: Ընդհանուր առմամբ` ուզում եմ ընդգծել, որ աչք են ծակում մարդկանց ազատ ընտրության` ազատ կամարտահայտության վրա ազդելու փորձեր: Ավելի ճիշտ` գործողություններ, որոնք, հասկանում եք, թե ինչ ազդեցություն են թողնում ընտրությունների արդյունքի վրա, սակայն որոնք այս փուլում կազմակերպվում են` օրենքի տառին չհակասելով: Իմ անձնական գնահատականն է` այս ընտրությունները ցույց տվեցին որոշ բարոյական համոզմունքների և օրենքի տառի հակասություն»,- ասաց ԲՀԿ խոսնակ Տ.Ուրիխանյանը` ավելացնելով, որ ընտրությունների վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան իմի բերելուց հետո կկարողանա ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել:
Հիշեցնենք, որր երեկ` սեպտեմբերի 23-ին, Արագածոտն, Գեղարքունիք, Կոտայք, Վայոց Ձոր, Տավուշ մարզերի 379 համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, և բոլոր խոշոր համայնքներում, բացառությամբ` Եղեգնաձոր քաղաքի, ըստ նախնական տեղեկությունների, հաղթել են ՀՀԿ ներկայացուցիչները: Եղեգնաձոր քաղաքում ԲՀԿ-ական Դավիթ Հարությունյանը հաղթել է ՀՀԿ-ից առաջադրված, համայնքի գործող ղեկավար Սիրեկան Բաբայանին: