Հունգարական լրատվական գործակալությունը հրապարակել է հանցագործի արտահանձնման դեմ ԵՀՄՖ հայցի մասին լուրը
Հունգարական տեղեկատվական գործակալությունը /MTI/ հրապարակել է Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի՝ անցյալ ուրբաթ մամլո ասուլիսի ժամանակ Հունգարիայի և Ադրբեջանի կառավարությունների դեմ ադրբեջանցի մարդասպանի արտահանձման շուրջ պատրաստվող իրավաբանական հայցի վերաբերյալ ներկայացրած տեղեկատվությունը:
Ստորև ներկայացնում ենք դրա թարգմանությունը:
«Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը (ԵՀՄՖ) հունգարական կառավարությունից սպասում է ներողության հայցում և ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հիմնավորում»,- ուրբաթ օրը Բրատիսլավայում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը:
Աշոտ Գրիգորյանի խոսքերով ԵՀՄՖ-ն մտադրվում է Սաֆարովի գործով դիմել Ստրասբուրգի մարդու իրավունքների միջազգային դատարան և Հաագայի միջազգային դատարան: «Ներկա պահին աշխատում են իրավաբանության ոլորտում փորձագետների մի խումբ, ովքեր կկազմեն հայցը: Այն կարող է պատրաստ լինել արդեն մի քանի ամսից, և երբ այն ամբողջովին կվերջացնենք, հունգարա-ադրբեջանական գործը կհանձնենք դատարան»,- MTI-ին հայտնել է Աշոտ Գրիգորյանը: «ԵՀՄՖ-ի դռները բաց են հունգարական կողմի հետ այս հարցը քննարկելու և կարգավորելու համար: Մենք կցանկանայինք լսել հունգարական կառավարության տեսակետը, բայց դա չի նշանակում, որ մենք կդադարեցնենք հայցի պատրաստման գործընթացը», – ընդգծեց Աշոտ Գրիգորյանը:
ԵՀՄՖ-ն ենթադրում է, որ գործընթացի ժամանակ հունգարական կառավարության կողմից սխալ է թույլ տրվել, քանի որ վերջինս կարող էր ենթադրել, որ Սաֆարովն ազատ կարձակվի: «Մենք գիտենք, որ Հունգարիայի ղեկավարությունն այդքան միամիտ չէ` հավատալու, որ Սաֆարովն Ադրբեջանում բանտում կմնա, քանի որ 2005թ. նրա պատվին Բաքվում փողոց էր անվանվել»,- հայտնեց ԵՀՄՖ նախագահը:
ԵՀՄՖ կարծիքով Հունգարիան պետք է նախաձեռնի, որ ադրբեջանցի զինվորին ետ հանձնեն Հունգարիա, որպեսզի վերջինս կրի պատիժն ազատազրկման վայրում: «Բավարար կլինի եթե ընդունեն, որ արտահանձնման գործընթացում սխալ է տեղի ունեցել և այն շտկեն»,- նշեց Աշոտ Գրիգորյանը,- եզրափակելով՝ այդպիսով Հունգարիան «կմաքրվի»»: