Գրաչովի մահվան շուրջ ռուսական մամուլը վարկածներ է քննարկում

Երեկ մահացած Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովի մահվան պատճառը շարունակում է գաղտնի մնալ: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ 64-ամյա գեներալը մահացել է ուղեղի կաթվածից: Գեներալի նախկին համախոհը հայտնել է, որ նա տառապում էր անբուժելի հիվանդությամբ,- հաղորդում է NEWSru.com-ը:

Ելցինյան ժամանակների պաշտպանության նախարարը հիվանդանոց էր տեղափոխվել11 օր առաջ, և նրան արդեն պատրաստվում էին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել ինտենսիվ թերապիայի բաժին։ Սակայն, փաստորեն, նրա առողջական վիճակի բարելավումը ժամանակավոր էր:

Հիվանդանոցում կտրականապես հրաժարվել են տեղեկություն տրամադրել Գրաչովի ինքնազգացողության մասին: Տարբերակներ են հնչում, որ նրա մոտ ախտորոշել են հիպերտոնիկ կրիզի գլխուղեղային դրսևորումներ, կամ որ նա ուղեղի կաթված է տարել, կամ թունավորվել է սնկերից:

Մեկ այլ տարբերակի համաձայն՝ Գրաչովը մի քանի տարի տառապում էր անբուժելի հիվանդությամբ, ինչն էլ դարձել է մահվան պատճառը: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության նախկին մամուլի խոսնակ Վիկտոր Բարանեցը: Նրա խոսքերով՝ վերջին տարիներին Գրաչովը ապրում էր ամառանոցում և ծանր հիվանդ էր:

Պավել Գրաչովը ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 1992-1996 թթ.:

Նախկին նախարարին վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին:

Տեսանյութեր

Լրահոս