Բաժիններ՝

Ամեն ինչ սուբյեկտիվ է

Մանավանդ՝ թվերը։ Երբ իշխանությունը փորձում է իրականությունը մատուցել վիճակագրական թվերի տեսքով, ընդդիմությունն ու լրագրողներն էլ հակադարձում են՝ հիմնվելով նույն այդ վիճակագրության վրա, հասկանում ես, որ վիճակագրության դերը մեր երկրում խիստ գերագնահատված է։

Չէ, վիճակագրությունն, իհարկե, կարևոր բան է, սակայն, եթե իրականության մասին փորձենք պատկերացում կազմել միայն դրա հիման վրա, ապա կստացվի լրիվ այլ՝ վիրտուալ իրականություն։ Ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի նման երկրներում (որտեղ ստվերայնությունը մեծ է) այդ թվերը բավարար չափով արժանահավատ չեն։ Ոչ պակաս կարևոր է այն հանգամանքը, որ վիճակագրական ցուցանիշները խիստ սուբյեկտիվ են։ Անգամ՝ ամենաիրական ու ճշմարտացի ցուցանիշները։

Օրինակ, երբ ասում են` տնտեսական աճը 5 կամ 15 տոկոս է, ապա դա ամենևին չի նշանակում, որ երկրի բնակիչների բարեկեցությունը բարձրացել է միջինը 5 կամ 15 տոկոսով կամ գոնե դրան մոտ չափով։ Այն պարզ պատճառով, որ բարիքները հավասարաչափ չեն բաշխվում և ավելացված արժեքը գնում է հիմնականում բնակչության մի փոքր խմբի գրպանը։

Ասվածն ապացուցելու համար ընդամենը մի տվյալ բերենք։ Ըստ Համաշխարհային բանկի գնահատականների, Հայաստանում ամենաունևոր 10% խավը տիրապետում է ազգային եկամտի եկամուտների 25.4%-ը, ամենաաղքատը՝ 3.7%-ը։ Այսինքն, ամենահարուստ և ամենաաղքատ խավերի եկամուտների տարբերությունը շուրջ 7 անգամ է։ Սա նշանակում է, որ տնտեսական աճն ու մնացած ցուցանիշներն այս խավերի վրա խիստ տարբեր ձևով են ազդում։ ՀԲ-ի այս ցուցանիշը թեպետ վերաբերում է 2008 թվականին, սակայն եկամուտների և սպառման անհավասարությունը վերջին տարիներին ավելի է խորացել։

Պաշտոնական վիճակագրությանն ամենից շատ քննադատում են գնաճի ցուցանիշի մասով՝ նշելով, որ այն գների իրական աճը չի արտացոլում: Մի պահ ենթադրենք, որ Ազգային վիճակագրական ծառայությունն իր գործը կատարում է իդեալապես ճիշտ և անկողմնակալ։ Անգամ այդ դեպքում շատ մարդիկ գնաճի ցուցանիշը հավաստի չեն համարի, որովհետև յուրաքանչյուր ընտանիքի, ավելին՝ յուրաքանչյուր անհատի համար գնաճը տարբեր է։

Այսպես, գնաճը հաշվարկվում է մի խումբ ապրանք-ծառայությունների արժեքի հիման վրա՝ սնունդ, խմիչք, հագուստ, կապի ծառայություններ, և այլն։ Ենթադրենք՝ սնունդը թանկացել է 30%-ով, իսկ, ասենք, օղին և մնացած ապրանքները չեն թանկացել։ Եթե Պողոսն իր եկամտի կեսը ծախսում է սննդի վրա, իսկ ալկոհոլիկ Մարտիրոսը՝ խմիչքի վրա, սնվելուն հատկացնելով իր եկամտի ընդամենը 10%-ը, ապա ստացվում է, որ պարկեշտ ապրող Պողոսի համար գնաճն ավելի զգալի է։ Նրա համար գնաճի ցուցանիշը կկազմի 15%, Մարտիրոսի համար՝ 3 %։

Բրիտանական BBC-ն, օրինակ, մի հետաքրքիր գործիք է ստեղծել և տեղակայել իր կայքում։ Այդ գործիքի օգնությամբ կարելի է պարզել՝ գնաճն ինչպե՞ս է ազդել կոնկրետ ձեզ վրա։ Կայքում պարզապես հարկավոր է լրացնել, թե որ ապրանք-ծառայության համար ամսվա և տարվա ընթացքում որքան եք ծախսել, և համակարգը կհաշվարկի ձեր «անհատական» գնաճը։ Իհարկե՝ բրիտանական գների հիման վրա։

Այնպես որ, ցուցանիշներով տարվել չի կարելի։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է պաշտոնական ցուցանիշներին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս