Հայաստանի ԱԻՆ փրկարարները կմասնակցեն ՆԱՏՕ-ի վարժանքներին

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական թիմը մեկնեց Վրաստան` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Ջորջիա 2012» ուսումնավարժությանը, որում ընդգրկված են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների փրկարարական թիմեր, ՄԱԿ-ի և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԻՆ թիմի կազմում ընդգրկված է 54 մարդ (քաղաքային որոնողափրկարարական, հրշեջ-փրկարարական, ջրափրկարարական, քիմիական, ճառագայթային ու կենսաբանական մոնիթորինգի ջոկատներ, պարամեդիկներ և շնաբաններ)։ Մեր թիմը, որը ղեկավարում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը, «Ջորջիա 2012»-ին կներկայանա հրշեջ-փրկարարական համապատասխան տեխնիկայով ու սարքավորումներով: Հայ փրկարարներին Վրաստան ճանապարհելու արարողությանը ներկա էր նաև ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը։

 

Ուսումնավարժության հիմնական նպատակներն են`

1. բարելավել երկրների միջև համագործակցությունը` աղետների հետևանքների վերացման ժամանակ.
2. հզորացնել միջազգային աջակցության ստացման և միջազգային փրկարարական թիմերի մասնակցությամբ հետևանքների կառավարման գործողությունների արդյունավետ կազմակերպման և համակարգման կարողությունները,
3. նպաստել հարևան երկրների սահմանամերձ համագործակցությանը,
4. զարգացնել միջազգային կազմակերպությունների միջև համագործակցությունը և համակարգումը:

 

«Ջորջիա 2012» դաշտային ուսումնավարժության սցենարի համաձայն` Վրաստանի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել պայմանական ուժեղ երկրաշարժ, և տարբեր երկրներից որոնողափրկարար թիմեր շտապել են օգնության:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը նշեց, որ օգտվելով նրանից, որ ուսունավարժությունը կազմակերպվում է հարևան երկրում, որոշվեց ներկայանալ ավելի մեծ կազմով և կատարելագործման հնարավորություն տալ ավելի մեծ թվով փրկարարների:
– Մեր փրկարարները միշտ էլ աչքի ընկել մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, և հիմա էլ պատրաստ են պատշաճ կերպով իրականացնել իրենց առջև դրված բոլոր խնդիրները:

Տեսանյութեր

Լրահոս