Հայաստանի անկախության տարեդարձի առթիվ ընդունելություն Պրահայում

Չեխիայում ՀՀ դեսպանությունը սեպտեմբերի 21-ին Պրահայի համանուն հյուրանոցում կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին:

Ըստ Արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ միջոցառմանը ներկա են եղել Չեխիայի Պառլամենտի Սենատի և Ներկայացուցիչների պալատի մի շարք անդամներ, ՉՀ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ և այլ պաշտոնյաներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, Չեխիայի հասարակայնության, մշակութային և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ, չեխահայ համայնքի բազմաթիվ անդամներ, ինչպես նաև հյուրեր Հայաստանից:

Ելույթներով հանդես է եկել Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և սենատոր Յարոմիր Շտետինան:

Դեսպանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության անցած 21-ամյա ուղին, անցյալի և ժամանակակից մարտահրավերները:

Այնուհետև դեսպանը խոսել է հայ-չեխական հարաբերությունների և դրանց հեռանկարների, Հայաստանի կառավարության եվրոպական օրակարգի, ինչպես նաև Չեխիայի հայ համայնքի մասին:

Չեխ սենատորն իր խոսքում շնորհավորել է Հայաստանի ղեկավարությանը և ժողովրդին, Չեխիայի հայ համայնքին անկախության տարեդարձի կապակցությամբ:

Ընդունելությունն ուղեկցվել է հայ երեխաների նկարների` անկախության հռչակման տարեդարձին նվիրված ցուցահանդեսով: Միջոցառումն ավարտվել է ավանդական ճաշկերույթով:

Տեսանյութեր

Լրահոս