Վարչապետը Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հետ քննարկել է ՀՕՖ-ի գործունեությունը Հայաստանում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում վարչապետը նշել է. «Մենք մեծապես կարեւորում եւ բարձր ենք գնահատում ՀՕՖ-ի գործունեությունը, որը Հայաստանում իրականացրել է բազմաթիվ մարդասիրական եւ բարեգործական աշխատանքներ»:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նախ շնորհավորել է վարչապետին Հայաստանի անկախության տոնի առթիվ եւ նշել, որ ՀՕՖ-ը պատրաստ է շարունակել իր առաքելությունը` նաեւ ներդրումների ներգրավման ուղղությամբ:
Այնուհետեւ Հայ օգնության ֆոնդի ատենապետ Ռենդի Սապահ-Գուլյանը կառավարության ղեկավարին է ներկայացրել Հայաստանում սպասարկման ոլորտում իրականացվելիք ներդրումային ծրագիրը:
Վարչապետ Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը եւ վստահեցրել, որ կառավարությունը խթանում է նման ծրագրերը ու պատրաստ է օժանադակություն ցուցաբերել կատարվելիք աշխատանքների ընթացքում:
Ռենդի Սապահ-Գուլյանը տեղեկացրել է, որ հաջորդ տարի կառուցվելիք կենտրոնը սպասարկման ոլորտում կապահովի 400-ից մինչեւ 1000 աշխատատեղ` սպասարկելով անգլերեն եւ ռուսերեն լեզուներով հաղորդակցվող սպառողներին:
Վարչապետն առաջարկել է նաեւ ուշադրություն դարձնել արաբախոս սպառողների ուղղությամբ, քանի որ Միջին Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների հետեւանքով բազմաթիվ արաբախոս սփյուռքահայեր վերադառնում են Հայաստան, ուստի պետք է հաշվի առնել նաեւ աշխատաշուկայում վերջիններիս ներգրավելու հարցը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաեւ ՀՕՖ-ի գործունեությանը, մասնավորապես, կրթական եւ առողջապահական բնագավառներում իրականացվող ծրագրերին: