Մեկնարկեց Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի 8-րդ ուսումնական շրջանը
«Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը, որը ստեղծվել է 2005 թ.՝ Եվրոպական խորհրդի հովանու ներքո, արդեն 8-րդ տարին է, ինչ շարունակում է իր գործունեությունը, և այս տարի մենք ընդունեցինք 8-րդ դասարանը,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրոպական խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի (ՔԴԵԴ) տնօրեն Արմեն Զաքարյանը:
«Դպրոցը հաջողությամբ զարգացում է ունեցել նախորդ 7 տարիների ընթացքում: Մենք արդեն ունենք դպրոցի շրջանավարտների հոծ բանակ. մեր շրջանավարտներից են արդարադատության նախարարը (Հրայր Թովմասյան), ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը (Արտակ Զաքարյան), Վայոց Ձորի մարզպետը (Էդգար Ղազարյան), ԱԺ 7-8 պատգամավորներ: Եվ նաև ունենք դպրոցի բարեկամների շրջանակ, ովքեր մինչև երևանյան դպրոցի ստեղծումը Մոսկվայի դպրոցն են ավարտել. ես նկատի ունեմ կրթության նախարարին, արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին, ով այսօր այստեղ ներկա է:
Այսինքն` քաղաքական դասընթացների դպրոցները, և, մասնավորապես, Երևանի դպրոցն այն հարթակն է, որտեղ քաղաքական ինտելեկտուալ խոսակցություններ են ծավալվում քաղաքական հրատապ իրադարձությունների վերաբերյալ և տրվում են խորքային գնահատականներ: Այստեղ քաղաքականությունը, ի տարբերություն շատ այլ տեղերի, ոչ թե մակերեսային ընկալումների մակարդակում է, այլ շատ ավելի խորքային դատողությունների, թե ինչպիսի տարածաշրջանային, տնտեսական, քաղաքական և սոցիալական պատճառներ են ազդում այս կամ այն որոշումների ընդունման վրա»,- ասաց նա:
Իսկ լրագրողներից մեկի հարցին, թե դպրոցին հաջողվո՞ւմ է կառավարման ինչ-որ որակ մտցնել պետական համակարգում, Արմեն Զաքարյանը պատասխանեց. «Անկեղծ ասած` մենք այդ խնդիրը մեր առջև ուղղակիորեն չենք դնում, սակայն դպրոցում գոյություն ունի կանոնակարգ, որին աշխատում ենք առավելագույնս հետևել:
Մենք գիտենք, որ այստեղ բացակայությունները և ուշացումներն անթույլատրելի են, մենք գիտենք, որ այստեղ խմբակային աշխատանքն արդյունավետ է լինում, և միշտ ձգտում ենք ձեռք բերել առավելագույնն այն կանոնակարգերի շրջանակում, որը դպրոցը դնում է իր առջև: Կարծում եմ` ստացվում է, որովհետև այն դիմորդներն, ովքեր հայտ են ներկայացնում հաճախելու դպրոց, շատ արագ մտնում են ուսման ռեժիմի մեջ»:
ՔԴԵԴ-ի 8-րդ ուսումնական շրջանի բացմանն այսօր ներկա էին հայաստանյան և օտարերկրյա մի շարք գործիչներ`ԵԽ քաղաքականության պլանավորման ղեկավար Պյոտր Սվիտալսկին (Լեհաստան), Եվրոպական Միության հայաստանյան պատվիրակության գործող ղեկավար Օննո Սիմոնսը, ՀՀ արտաքին գործերի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ովքեր հանդես եկան ելույթներով:
Մասնավորապես՝ Շ.Քոչարյանն, իր ելույթում նշելով, որ այսօր հետտոնական օր է, քանի որ երեկ ՀՀ անկախության օրն էր, և մեր անկախությունը բազմաթիվ ձեռքբերումներ ունի, ասաց, որ նաև այն փաստը, որ Հայաստանում կարող է այսպիսի դպրոց գոյություն ունենալ, նույնպես մեր անկախության ձեռքբերումներից է:
«ԵԽ քաղաքական դասընթացների դպրոցը մի բացառիկ հարթակ է, որտեղ հավաքվում են տարբեր տեսակետների և տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ և ազատ բանավիճում են: Այստեղ կա մի հանդուրժողականության մթնոլորտ, որը, շատ ցանկալի կլիներ, որպեսզի ամենուրեք լիներ, որովհետև, վերջիվերջո, նա, ով հանդուրժում է, ուժեղ է, ատելությունը թուլություն է:
Դպրոցը տալիս է տարբեր շրջանավարտներ` տարբեր ուղղությունների համար` և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ լրատվական դաշտի համար: Եվ ընդհանուր առմամբ` դպրոցի հաջողությունն ակնառու է նրանով, թե ովքեր են ավարտել այն»,- ասաց փոխարտգործնախարարը` նշելով, որ ՔԴԵԴ-ի հայտնի շրջանավարտների ցանկը շատ մեծ է`նախարարներ, պատգամավորներ, գործադիր իշխանության անդամներ, լրագրողներ, ում անունները բոլորը գիտեն:
Իսկ ԵՄ հայաստանյան պատվիրակության գործող ղեկավար Օննո Սիմոնսը, ով, Ա.Զաքարյանի խոսքերով` առաջին անգամ չէ, որ ներկա է դպրոցի դասընթացներին և նախկինում հանդես է եկել դասախոսություններով` ներկայացնելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, Հայաստանի և ԵՄ-ի հանձնառությունների շրջանակը, իր ելույթում շնորհավորեց դիմորդներին` քաղաքական դասընթացների երևանյան դպրոց ընդունվելու կապակցությամբ` կեսկատակ-կեսլուրջ նկատելով, որ «շատ ուրախ է ներկաների մեջ տեսնել մոտ 50/50 տղաներ և աղջիկներ, քանի որ սեռական խտրականությունների բացառումը կարևոր եվրոպական արժեք է»:
«Դու մենակ ես մնում աշխարհում, եթե չես պատկանում ոչ մի ակումբի, ուստի շատ երկրներ ձգտում են ինտեգրացիայի: Հայաստանն այս տեսանկյունից հետաքրքիր դիրքում է գտնվում, քանի որ մի կողմից՝ նա Ռուսաստանի Դաշնության հարևանն է, իսկ մյուս կողմից` Եվրոպական Միության: Եվ մենք շատ ուրախ ենք, որ այս երկու հարևանություններն այս պահին փոխլրացնում են միմյանց, և մենք երկուսս էլ տարբեր բաներ կարող ենք առաջարկել Հայաստանին:
Հայաստանն ունի անվտանգության երաշխիքների կարիք. վերջերս մենք տեսանք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունները Հայաստանում ձեր գործընկերների հետ, ովքեր աշխատեցին ձեր հատուկ զորքերի հետ: ԵՄ-ն առաջարկում է այլ համագործակցություն` ավելի սերտ հարաբերություններ ԵՄ-ի և Հայաստանի միջև, մենք առաջարկում ենք տնտեսական ինտեգրացիա և աջակցություն բարեփոխումների իրականացման մեջ:
Պարոն Սվիտալսկին արդեն նշեց, որ մենք ունենք մարտահրավերներ` «եվրոյի» բարեփոխման և եվրոգոտու զարգացման հետ կապված, և այս առումով լավ լուրն այն է, որ մենք աստիճանաբար գտնում ենք այդ խնդիրների լուծումը: Տիկնա՛յք և պարոնա՛յք, երեկ ձեր անկախության օրն էր, անկախ Հայաստանն արդեն 21 տարեկան է, և Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունները նույն տարիքն ունեն, քանի որ մենք առաջին անգամ Հայաստան ենք եկել 1991 թ. սկզբին, երբ երկրում մութ և ցուրտ էր, և մարդիկ սոված էին: Եվ մենք սկսեցինք օգնել սննդով, վառելիքով: Սա վերաճեց տեխնիկական օգնության ծրագրի, որը հաջողությամբ իրականացվում է, և մենք Հայաստանին տարեկան նվիրաբերում ենք 70 մլն եվրո»,- ասաց Օննո Սիմոնսը` հիշեցնելով, որ 1999 թ. սկսած Հայաստանի և ԵՄ-ի միջև գոյություն ունի գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիր, ԵՄ-ի ներկայացուցչությունը Հարավային Կովկասում գտնվում է Թբիլիսիում 1994 թվականից, իսկ 2008 թ. ԵՄ-ի պատվիրակություն կա նաև Երևանում:
«Ես ասացի, որ Հայաստանը գտնվում է ԵՄ-ի հարևանությամբ: Եվ ի՞նչ եք դուք ակնկալում ձեր հարևաններից, դուք ուզում եք ունենալ լավ հարաբերություններ նրանց հետ, դուք չեք ուզում ունենալ հիմնախնդիրներ նրանց հետ: Դա նաև այն է, ինչ ուզում է Եվրոպական Միությունը»,- նշեց եվրոպական պատվիրակության ղեկավարը: