
Ահմադինեջադը վերջին անգամ ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ այսօր մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանին:
Այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Մահմուդ Ահմադինեջադին Նյու Յորք կատարած այցի ընթացքում ուղեկցում են արտաքին գործերի, առողջապահության, քաղաքաշինության և ճանապարհների, գյուղատնտեսության նախարարներն ու նախագահի աշխատակազմի այլ պաշտոնյաներ:
Մահմուդ Ահմադինեջադն Իրանի նախագահի պաշտոնում վերջին անգամն է մասնակցում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, քանի որ 2013թ. հունիսին լրանում է նրա պաշտոնավարման երկրորդ շրջանը: