Այսօր «լռության» օր է
Այսօր «լռության» օր է 7 մարզերի 318 համայնքերի ղեկավարների ու ավագանու անդամի թեկնածուների համար: Վաղը Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի 262 համայնքում կընտրեն ղեկավար: Համայնքներից 16-ը քաղաքներ են, որից 8-ն ունեն 10 հազար և ավելի ընտրող:
Նույն օրը` սեպտեմբերի 23-ին 281 համայնքում, որից 20-ը քաղաքային, տեղի կունենան ավագանու անդամի ընտրություններ:
ԿԸՀ հրապարակած տվյալներով, գրանցված է 521 համայնքապետի ղեկավարի թեկնածու, ավագանու անդամի` 2626:
Համայնքի ղեկավարի 521 գրանցված թեկնածուներից ընդամենը 11-ն են կանայք, ավագանու անդամի թեկնածուներից` 164-ը:
ԿԸՀ հրապարակած տվյալներով, համայնքի ղեկավարի գրանցված թեկնածուների մեծ մասը անկուսակցական են: 521 թեկնածուից 176-ը որևէ կուսակցության չեն պատկանում: Այս ինչպես և սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններում առավել մեծ թվով թեկնածուներ է առաջադրել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:
Համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարի 241 ՀՀԿ-ական: 69 թեկնածու «Բարգավաճ» Հայաստան» կուսակցությունից է, 21-ը` ՀՅԴ-ից, 6-ը` ՕԵԿ-ից, 2-ը` Կոմկուսից, 2-ը` ԺԱԿ-ից, մեկական թեկնածուներ ունեն «Ժառանգություն»-ը, Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը, ԱԻՄ-ը, ՀՀՇ-ն:
Ավագանու 2626 թեկնածուներից 1527-ը անկուսակցական է, 612-ը` ՀՀԿ-ական, 355-ը` ԲՀԿ-ական, 65-ը` դաշնակցական, 41-ը` ՕԵԿ-ական:
Ընտրատեղամասի դռները կբացվեն առավոտյան ժամը 8-ին: Քվեարկությունը կշարունակվի մինչև երեկոյան ժամը 20:00: ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները կամփոփվեն և կարձանագրվեն մինչև սեպտեմբերի 24-ի ժամը 14-ը: Արդյունքների վերջնական ամփոփումը կիրականացվի մինչև սեպտեմբերի 28-ը:
Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն կիրականացնի 15 տեղական հասարակական կազմակերպություն` 1005 դիտորդով: 20 դիտորդ էլ կլինի Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսից: