Թուրք գեներալները հեղաշրջման գործով ցմահ ազատազրկման են դատապարտվել

Ստամբուլի դատարանը այսօր առաջին մեղադրական դատավճիռներն է կայացրել Թուրքիայում մեծ հնչեղություն ստացած, այսպես կոչված «Մուրճի նախագիծ» անվանմամբ 2003թ. Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության դեմ նախատեսվող հեղաշրջման գործով, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Դատավճռի համաձայն, գործի հիմնական դերակատարները` առաջին դաշտային բանակի նախկին հրամանատար գեներալ Չեթին Դողանը, Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար ադմիրալ Օզդեն Օրնեկը և ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար գեներալ Իբրահիմ Ֆիրթինը, դատապարտվել են ցմահ ազատազրկման:
Ընդհանուր առմամբ մեղադրյալի աթոռին է եղել 365 մարդ, որոնցից 250-ը կալանքի տակ են: Նրանք բոլորը մեղադրվում են «կառավարությանն իշխանությունից զրկելու փորձի մեջ» և «հեղաշրջում նախապատրաստելու մեջ»:
Մեղադրող կողմը պնդում է, որ այսպես կոչված «Մուրճ» օպերացիան ռազմական հեղաշրջման դավադրություն է:
Մեղադրյալները հերքում են իրենց դեմ ներկայացված մեղադրանքները, հայտարարելով, որ որևէ դավադրություն չի եղել, «Մուրճ» օպերացիան իրենից սովորական զորավարժությունների սցենար է ներկայացրել:
Թուրքիայի ընդդիմությունը իշխանությանը բազմիցս մեղադրել է «վհուկների որս իրականացնելու մեջ», սակայն վարչապետ Էրդողանը այդ մեղադրանքները կտրականապես հերքում է:
Ստամբուլի դատարանի այս որոշումը դեռ վերջնական չէ, այն պետք է հաստատվի Թուրքիայի վերին վերաքննրչ դատարանը։ Բացի այդ, դատավճիռը կարող է բողոքարկվել բարձրագույն դատարանում:

 

Տեսանյութեր

Լրահոս