Էկվադորն առաջարկում է Ասանժին, իր դիվանագիտական պաշտպանության ներքո, Մեծ Բրիտանիայից տեղափոխել Շվեդիա
Էկվադորն առաջարկում է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին իր դիվանագիտական պաշտպանության ներքո Մեծ Բրիտանիայից, որտեղ այժմ նա գտնվում է, տեղափոխել Շվեդիա, որպեսզի վերջինս կարողանա կանգնել շվեդական արդարադատության առաջ և պատասխանել իր դեմ առաջադրված մեղադրանքներին: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Պատինյոն:
WikiLeaks-ի հիմնադիրը Շվեդիայում կասկածվում է 2010-ի օգոստոսին տեղի ունեցած բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեջ: Ավելի վաղ բրիտանական դատարանը վճռել էր նրան հանձնել Շվեդիա, սակայն Ասանժը մի քանի ապարդյուն բողոքարկումներից հետո քաղաքական ապաստան ստացավ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:
Ասանժը մտավախություն ունի, որ Շվեդիան իրեն կարտահանձնի ԱՄՆ:
Պատինյոն ծրագրում է հաջորդ շաբաթ Նյու Յորքում հանդիպել իր բրիտանացի գործընկեր Ուիլյամ Հեյգին` քննարկելու Ասանժի հարցը: «Մենք հավատում ենք, որ դեմոկրատական պետությունները կարող են քննարկել ամեն ինչ և դիվանագիտական ելք գտնել իրավիճակից»,- ասել է Էկվադորի ԱԳ նախարարը: