Գործող նախագահը պետք է ձեռքը սեղանին խփեր և ասեր` «Վե´րջ, այսօրվանից չե´նք գողանում, ոչ թե` չե´ք գողանում»

Այսօր Անկախության 21-ամյակը ՀԱԿ-ը նշեց Սարյանի արձանի մոտ: Այնտեղ էին ՀԱԿ գրեթե բոլոր ներկայացուցիչները: Ինչպեսև սպասվում էր` ելույթ ունեցավ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Սիրելի ժողովուրդ, մենք հավաքվել ենք նշելու անկախության տոնը:

Ես մի անգամ անգամ ասել եմ` պաշտոնական տոներ չեմ սիրում, մանավանդ, երբ դրանք կազմակերպվում են վերևից և հավուր պատշաճի խոսքեր են ասվում, որոնք դատարկություններ են: Ինձ համար սա է տոնը` այս ինքնաբուխ, սրտաբուխ տոնը, որովհետև այստեղ հավաքված են մարդիկ, որոնց ոչ ոք հարկադրաբար չի բերել այստեղ:

Մենք ունենք պետություն և անկախություն, և պատիվ մեր և ձեր սերնդի` մենք ենք կերտել այդ անկախությունը: Իհարկե, այսօր շատերը գոհ չեն մեր պետականության այն վիճակից, որում մենք ապրում ենք:

Բայց ես ուզում եմ ասել, որ մի անլուծելի խնդիր չէ մեր պետությունը դարձնել նորմալ, արժանապատիվ պետություն: Բացարձակապես մի´ կարծեք, որ քաղաքագիտությունը շատ բարդ գիտություն է: Հակառակը, քաղաքագիտությունն ամենապարզ գիտությունն է, որը տեսնում է երկրի առաջ կանգնած խնդիրները և գտնում դրանց լուծումները:

Որո՞նք են այսօր մեր երկրի առջև կանգնած խնդիրները: Այսօր ես տեսնում եմ ընդամենը հինգ խնդիր, պետք է լուծել հինգ խնդիր, որպեսզի մեր պետությունն իսկապես դառնա ամուր արժանապատիվ պետություն ազգերի իրահավասար ընտանիքում: Դրանք են` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Ղարաբաղի հարցի լուծումը, շրջափակումների վերացումը, կոռուպցիայի արմատախիլ արվելը և օրինականության  հաստատումը: Ուրիշ բան պետք չէ´, ուրիշ հանելուկ չկա´: Լուծե´ք այդ խնդիրները և կտեսնեք` ինչպիսի պետություն կդառնա Հայաստանը:

Բայց այս խնդիրները պետք է տարբերակել երկու մասի` առաջին երեքը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Ղարաբաղի հարցի լուծումը և շրջափակումների վերացումը, դժբախտաբար միայն մեզնից կախված չեն, և ինչպիսի քաղաքականություն էլ մեր իշխանությունները վարեն, պետք չէ միակողմանիորեն այս հարցում իրենց մեղադրել: Նրանք ունեն իրենց մեղքերը, բայց եթե անգամ անեին առավելագույնը, դա չի նշանակում, որ այդ խնդիրները կարող էին լուծվել, որովհետև, ինչպես ասացի, դա կախված է նաև արտաքին ուժերից` Թուրքիայից, Ադրբեջանից, միջազգային հանրությունից, միջնորդներից, որոնք փոխանակ խնդիրը լուծեն, իրար միջև հարցեր են լուծում:

Բայց մյուս երկու խնդիրը` չգողանալը և օրինականության ապահովումը, որը նշանակում է և´ ժողովրդավարություն, և´ նորմալ ընտրություններ, և´  մարդու իրավունքների ապահովում և այլն, կախված են մեր իշխանավորներից: Ընդամենը բարի կամք կամ քաղաքական կամք է պետք, ինչպես հիմա ընդունված է ասել, այս հարցերը լուծելու համար: Փոխանակ գործող նախագահը` խորհրդակցություն հրավիրելով, ծաղրի ենթարկեր մեր ժողովրդին (ես դա համարում եմ իսկապես ծաղր, ուրիշ ոչին չեմ ուզում սրա մեջ տեսնել), նա պետք է ձեռքը սեղանին խփեր և ասեր` «վե´րջ, այսօրվանից չե´նք գողանում. ոչ թե չե´ք գողանում, այլ չենք գողանում»:

Սա պիտի ասեր, և պիտի ասեր` «այսօրվանից հաստատվում է օրինականություն, թող մեկը փորձի խախտել օրենքը, անմիջապես պատժվելու է»: Եվ դա հնարավոր է անել: Մի´ կարծեք որ դա ինչ-որ խորհրդավոր բան է, որը փոխել հնարավոր չէ: Դա ո´չ մենթալիտետի հետ է կապված, ինչպես ասում են, ո´չ ավանդույթների հետ է կապված, երբ փորձում են այսօրվա կոռուպցիան արդարացնել իրբ թե մեր ազգային ավանդույթներով: Ամեն ինչ սուտ է: Մի´ գողացիր, և ոչ մի ավանդույթ գոյություն չի ունենա: Ես չեմ ուզում դառը խոսքեր ասել մեր իրականության մասին, այսօր այդ օրը չէ: Այո´, իրականությունը դառն է, այո´, համատարած սրտնեղություն է տիրում, բայց հիշե´ք` կան մնայուն արժեքներ հակառակ այս բոլոր դառնությունների և սրտնեղությունների: Այդ արժեքներից գլխավորը Հայաստանի անկախությունն է և մեր պետականության վերականգնումը, ինչի առթիվ ես բոլորիդ սրտագին կերպով շնորհավորում եմ»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս