«Ազատություն» ռադիոկայանը, ըստ նոր կարգի, դադարեցնում է իր հեռարձակումը Մոսկվայում
Այս տարվա նոյեմբերի 10-ից «Ազատություն» ռադիոկայանը դադարեցնելու է իր հեռարձակումը Մոսկվայում՝ միջին ալիք հաճախականությամբ, և սկսում է մուլտիմեդիա հեռարձակումը, որը ենթադրում է ռադիոեթերի հեռարձակման և հաճախականության փոխանցումը համացանց: Այս մասին, ըստ «ՌԻԱ նովոստիի», տեղեկացնում է ռադիոկայանի ռուսաստանյան ներկայացուցչության տնօրեն Ելենա Գլուշկովան: Մի շարք ԶԼՄ-ներ ավելի վաղ հայտնել էին, որ «Ազատությունը» կդադարեցնի Ռուսաստանում իր միջինալիք հեռարձակումը: «Մենք միայն Մոսկվայում հեռարձակվելու արտոնագիր ունեինք, սակայն հիմա նաև Մոսկվայում կդադարեցնենք մեր հեռարձակումը»,- տեղեկացնում է Գլուշկովան: Նա նշել է, որ հեռարձակման դադարեցման որոշումը մայրաքաղաքում կայացվել է նոյեմբերի 10-ին ԶԼՄ-ների մասին օրենքում նոր փոփոխություններից հետո, ըստ որի՝ ռադիոհեռարձակում չի կարողանա իրականացվել Ռուսաստանի տարածքում, եթե հեռարձակող կազմակերպության սեփականության 50%-ից ավելըպատկանում է օտար ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:
«Մենք հենց նմանատիպ ընկերություն ենք: Ու քանզի միշտ գործել ենք ՌԴ օրենսդրությանը համապատասխան, այսուհետ նույնպես կհետևենք դրան: Հենց այդ պատճառով նոյեմբերի 10-ից մենք կհեռանանք եթերից»,- ասել է Գլուշկովան՝ հավելելով, որ այսուհետ իրենք իրենց գործունեությունը կծավալեն համացանցում:
Ռուսական ծառայությունը «Ազատություն» ռադիոկայանի 23 խմբագրություններից մեկն է: Ռադիոկայանի հաղորդումները հեռարձակվում են 28 լեզվով, 21 երկրում՝ արևելյան Եվրոպայում, Կովկասում,Կենտրոնական Ասիայում, Միջին Ասիայում և այլն: Ռուսական ծառայության թղթակցային ցանցը իր մեջ ներառում է 23 գրասենյակ և մի քանի տասնյակ արտահաստիքային թղթակիցներ Ռուսաստանի բոլոր տարածաշրջաններում և աշխարհի շատ երկրներում: