Բելառուսը դեմ է Մաքսային միության մեջ Ղրղըզստանի մտնելուն՝ նախկին նախագահի պատճառով
Բելառուսը պատրաստ չէ տեսնել Ղրղըզստանին Մաքսային միության կազմում մինչ «քաղաքական հարցերի կարգավորումը», մասնավորապես, կապված Բակիև եղբայրների շուրջ իրադարձությունների հետ: Այս մասին հայտարարել է Ղազախստանում Բելառուսի արտակագ և լիազոր դեսպան Վալերի Բրիլևը:
Նա հիշեցրել է Բիշքեկում Բելառուսի դեսպանատան մոտ բողոքի ակցիաները ու կոտրված ապակիները:
«Դա քաղաքական պահ է, ու այն բավական բարդ է ու մեզ համար ցավագին: Դուք գիտեք, թե ինչ հարաբերություններ են այնտեղ եղել, ինչ էր կատարվում մեր դեսպանատան մոտ, կոտրում էին ապակիները: Եթե ամեն ինչ լինի թափանցիկ ու հասկանալի, կարծում եմ՝ ամեն ինչ արագ առաջ կշարժվի»,- ասել է դեսպանը:
Ղրղըզստանի հիշատակումը Բելառուսի համար ներկայում ցավոտ հարց է՝ կապված երկրի նախկին նախագահին արտահանձնելու իրավիճակի հետ: «Դուք ծանոթ եք մեզ համար այդ բարդ իրավիճակին, որ Ղրղըզստանը պահանջում է արտահանձնել նախկին նախագահին ու նրա եղբորը: Դա շատ բարդ հարց է: Այն, մեղմ ասած, վիրավորում է բելառուսական կողմին, երբ Ղրղըզստանը ասում է այդ մասին. «Մենք Ղրղըզստանը տեսնում ենք Մաքսային միությունում, մաքսային տիրույթում: Նրանք մեր եղբայրներն են, մեր ընկերները, սակայն կան ինչ-որ շեշտադրումներ, որոնք մենք պետք է նախ կարգավորենք, իսկ հետո առաջ շարժվենք», – Բրիլևի խոսքերը փոխանցում է Tengrinews.kz-ին:
Ինչպես հայտնի է, Բելառուսի գլխավոր դատախազությունը մերժել է Ղրղըզստանին արտահանձնել երկրի նախկին նախագահ Ժանիբեկ Բակիևի եղբորը՝ մերժումը բացատրելով նրանով, որ նրան հետապնդում են քաղաքական դրդապատճառներից ելնելով: