Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի հայկական համագումարի 40-ամյա հոբելյանի կապակցությամբ
Ամերիկայի հայկական համագումարի 40-ամյա հոբելյանի կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանին:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի հայկական համագումարի բոլոր անդամներին` կազմակերպության 40-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Ամերիկայի հայկական համագումարն այն կառույցներից է, որն արդեն չորս տասնամյակ ակտիվորեն ներգրավված է համահայկական կարեւորագույն ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում: Անգնահատելի է համագումարի դերը Սփյուռքում հայ ինքնության պահպանման, Մեծ եղեռնի միջազգային ճանաչման և դատապարտման, արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման եւ հայրենիքի զարգացման ու զորացման գործում: Շոշափելի է կազմակերպության դերակատարությունը նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման մեջ:
Արցախում գիտենք և բարձր ենք գնահատում այդ ազգանպաստ ու հայրենանվեր առաքելությունը:
Կրկին շնորհավորում եմ պանծալի հոբելյանի կապակցությամբ և մաղթում անսպառ ուժ ու կորով, նորանոր հաջողություններ համազգային իղձերի ու նպատակների իրականցման ճանապարհին»: