
Պասիվ ծխելը՝ 42.000 մարդու մահվան պատճառ

ԱՄՆ-ում պասիվ ծխելն ամեն տարի շուրջ 42.000 մարդու մահվան պատճառ է դառնում: «American journal of public health» ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն («Հասարակական առողջության ամերիկյան ամսագիր»)՝ 42.000 մահացածներից 900-ը երեխաներ են: Հետազոտությունը նպատակ է ունեցել ցույց տալու պասիվ ծխելու ոչ միայն ֆիզիկական, այլև տնտեսական հետևանքները: Պարզվել է, որ պասիվ ծխելը երկրի արտադրությանը շուրջ 6.6 միլիարդ դոլարի վնաս է պատճառում:
Հետազոտությունը նաև փաստում է, որ պասիվ ծխելը բացասական հետևանքներ է առաջացնում բոլորի մոտ, սակայն այն հատկապես վտանգավոր է աֆրոամերիկացիների համար:
Հետազոտության ղեկավար պրոֆեսոր Ուենսի Մաքսի խոսքով` պասիվ ծխելը շարունակում է ծանր վնասներ հասցնել մարդկանց առողջությանը. «Չնայած այժմ ավելի քիչ մարդիկ են ծխում, և շատերն են փոխել իրենց կենսակերպը, այնուամենայնիվ, մեր հետազոտությունը ցույց է տվել, որ պասիվ ծխելու ազդեցությունները շատ մեծ են»: