
Կաթողիկոսը հորդորել է չտկարանալ ներկայիս կյանքի դժվարությունների առջև

Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ ամյակի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հանրապետական մաղթանքի արարողություն:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, եկեղեցականների թափորը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցել է Մայր տաճար, որտեղ Իջման Սբ. Սեղանի առջև կատարվել է գոհաբանական մաղթանք:
Արարողության ընթացքում սուրբգրային ընթերցումներից հետո Վեհափառ Հայրապետը ծնրադիր ընթերցել է «Գոհանամք զքէն» աղոթքը` Աստծուց հայցելով անսասանություն, պայծառություն ու բարօրություն հայոց անկախ պետության համար: Այնուհետև եկեղեցական դասն օրհնությամբ մաղթել է, որ Աստված իր Ամենախնամ Ս. Աջի հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի Հանրապետությունը:
Հանրապետական մաղթանքի ավարտին Նորին Սրբությունն իր պատգամն է բերել համայն հայ ժողովրդին: Անդրադառնալով անկախության 21 տարիների ընթացքում հայ ժողովրդի կրած դժվարություններին` Վեհափառ Հայրապետը նշել է, որ, հակառակ բոլոր փորձություններին, երբեք չընկճվեց հայորդու ազատատենչ ոգին, և հայ ժողովուրդը շարունակեց տոկալ հայրենիքի ու պետության համար իր պայքարում:
Իր խոսքն ուղղելով ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում ապրող հայ ժողովրդի զավակներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասել է, որ պետք է միասնական կամքով կերտել մեր երազների հայրենիքը, որը պիտի լինի յուրաքանչյուր հայորդու հպարտությունը և յուրաքանչյուր հայ զավակի տունը:
Նորին Սրբությունը հորդորել է չտկարանալ ներկայիս կյանքի դժվարությունների առջև, զորեղ պահել հողի ու հայրենիքի հանդեպ սերը, որն անպարտելի ուժ է և կարող` շենություն բերել մեր հայրենիքին, հայ օջախներին ու հայ կյանքին: