Բունդեսթագի նախագահ. Եվրոպայում և աշխարհում չի կարող գտնվել մի երկիր, որ չդատապարտի Սաֆարովի արտահանձնումը

Նախօրեին Ստրասբուրգում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո կազմակերպված Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի բացման արարողությանը, որին մասկացել են շուրջ 47 երկրների խորհրդարանների ղեկավարներ:

ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Աժ նախագահը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ:

Հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել են հայ-գերմանական համագործակցությանը, միջխորհրդարանական կապերին, տարածաշրջանային խնդիրներին առնչվող մի շարք հարցեր` Հովիկ Աբրահամյանը կարևորել է Գերմանիայի հետ գործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

Անդրադառնալով Հունգարիայի իշխանությունների կողմից Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու փաստին Հ.Աբրահամյանը նշել է, որ հունգարա-ադրբեջանական գործարքը կարող է բացասաբար ազդել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային ողջ գործընթացի, այլև տարածաշրջանի խաղաղության, կայունության և անվտանգության վրա: Նրա խոսքով` միջազգային հանրությունը համարժեք արձագանք է տվել այդ փաստին և համոզմունք հայտնել, որ եթե նման արարքները ժամանակին չդատապարտվեն և կոնկրետ քայլեր չիրականացվեն, ապա կարող են կրկնվել:

Իր հերթին Նորբերտ Լամմերթը, նույնպես կարևորելով երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը և Հայաստանի հետ հարաբերությունների հետագա խորացումը տարբեր ուղղություններով, ևս անդրադարձել է սաֆարովյան դեպքին: Ի մասնավորի, Բունդեսթագի նախագահն անթույլատրելի է համարել Ադրբեջանի իշխանությունների կողմից Սաֆարովին արդարացնելը և ազատ արձակելը` «Եվրոպայում և աշխարհում չի կարող գտնվել մի երկիր և միջազգային կազմակերպություն, որ անընդունելի և դատապարտելի չհամարի այդ փաստը» շեշտել է նա:

Նշենք, որ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Տեսանյութեր

Լրահոս